14 10 2020

Հրետանային հուժկու կրակով և հետևակով Ադրբեջանը հարձակման է անցել ու ջախջախվել. ՊՆ



Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը նորից վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ, նաև հարավային ուղղությամբ՝ բայց ոչ դեպի Արաքսի հովիտ: Այս պահին մարտերը շարունակվում են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկոյան ժամերին մի փոքր ինտենսիվությունը նվազել է», - ասաց Հովհաննիսյանը։

«Երկու ուղղություններով էլ համառ հարձակումներ են փորձել զարգացնել, հիմնականում հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում՝ հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակարգերով», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը;

Նա նշեց՝ հայկական զինված ուժերը հակառակորդին հասցրել են մեծ կորուստներ և հետ են շպրտել։

«Բավականին մեծ են Ադրբեջանի զինված ուժերի կորուստները՝ կենդանի ուժի տեսանկյունից այսօրվա և երեկվա ընթացքում», - ասաց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը նոր մարտավարություն է որդեգրել՝ հատկապես բարձունքները գրոհելիս։

«Մեծ խտությամբ հետևակի կիրառություն, աննկարագրելի, այնպիսին, ինչպիսին շատ հաճախ տեսել ենք միայն ֆիլմերում», - ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ օրվա ընթացքում թիրախավորվել է ՀՀ տարածքում մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգ, ինչը լեգիտիմացնում է ՀՀ կողմից պատասխան քայլերը և նմանատիպ ռազմական նշանակության օբյեկտների թիրախավորումը Ադրբեջանի տարածքում։

«Օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորեն են նաև հոսպիտալներից մեկը, ինչը հատկապես մեծ ուշադրության պետք է արժանանա ամբողջ աշխարհում։ Օրվա ընթացքում հակառակորդի կողմից կիրառվել է նաև օդուժ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ