Մայիսի 19-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ։
Գործընկերները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
Գոհունակությամբ նշելով Հայաստանի և Եգիպտոսի միջև ընթացող երկխոսության դինամիկան՝ ԱԳ նախարարները վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման ուղղությամբ քայլերը:
Ի թիվս այլ ուղղությունների՝ առանձնահատուկ ընդգծվեց դեղագործության, այլընտրանքային էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում համագործակցության ներուժի լիարժեք իրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Այս համատեքստում հայ և եգիպտացի գործընկերները կարևորեցին նաև հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Արտգործնախարարներն անդրադարձան նաև բազմակողմ շրջանակներում, այդ թվում՝ Աֆրիկյան միությունում, ԵԱՏՄ-ում, ՄԱԿ-ում համագործակցության հարցերի։
Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարներ Մնացականյանն ու Շուքրին մտքեր փոխանակեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, փոխադարձ հետաքրքրություն և միմյանց համար կարևորություն ունեցող հարցերի լայն շրջանակի շուրջ՝ վերահաստատելով պատմական բարեկամության ավանդույթների վրա հիմնված միմյանց հետ սերտորեն համագործակցելու Հայաստանի և Եգիպտոսի պատրաստակամությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը