Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդար Վուչիչը հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:
Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը.
«Մեծարգո պարոն նախագահ,
Նախ և առաջ կցանկանայի Հայաստանի պատվիրակության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեր հրաշալի երկիր այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ ընդունելության համար:
Մեր ժողովուրդներն ունեն դարավոր պատմական և մշակութային կապեր, որոնք այսօր՝ 21-րդ դարում վերաճում են դինամիկ միջպետական հարաբերությունների՝ հիմնված մեր երկրների ապագայի վերաբերյալ ընդհանուր տեսլականի վրա։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ իմ գործընկերոջ հետ կառուցողական ու արդյունավետ քննարկումներ ունեցանք, որոնք մեր մյունխենյան հանդիպման շարունակությունն էին։ Բանակցությունների օրակարգը բավականին հագեցած էր և լայն։ Երկուստեք վերահաստատեցինք հարաբերություններն ամրապնդելու մեր հանձնառությունը և նոր էջ բացելու ցանկությունը։
Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը մեր այսօրվա քննարկումների արդյունքում համագործակցության հնարավոր նոր ճանապարհներ է բացում գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ու նորարարության, լեռնամետալուրգիայի և շատ այլ ոլորտներում: Պետք է աշխատենք նոր նախաձեռնություններն իրականություն դարձնելու համար։
Հավատացած եմ, որ մեր համագործակցության շարժիչ ուժերից են նորարարությունը և բարձր տեխնոլոգիաները: Այդ իսկ տրամաբանությամբ մեր պատվիրակության կազմում ընդգրկել եմ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների: Մենք նպատակ ունենք երկու երկրների այդ ոլորտները բերել սերտ համագործակցության:
Խոսելով տնտեսական համագործակցության մասին՝ ցանկանում եմ կարևորել նաև ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունները։ Լիահույս ենք, որ այս տարվա հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ և Սերբիայի միջև կստորագրվի ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Ուրախ եմ, որ դա տեղի կունենա այն շրջանում, երբ Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ԵԱՏՄ-ում։
Ուզում եմ նաև հիշեցնել, որ 2017 թվականին Հայաստանը Եվրոպական միության հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է բացում հայ-սերբական համագործակցության համար։
Տիկնայք և պարոնայք,
Պարոն Նախագահի հետ քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային կարևորություն ունեցող տարբեր հարցեր։ Երկուստեք ընդգծեցինք միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման և կանոնավոր խորհրդակցությունների անհրաժեշտությունը։
Առանձնակի կարևորեցինք մշակութային կապերը։ Այս շրջանակում, կարծում եմ, շատ էական է, որ ես կրկին շնորհակալություն հայտնեմ Սերբիայի կառավարությանը, անձնապես պարոն նախագահին․այսօր հայտարարվեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն առանց արտոնագրի կարող են այցելել Սերբիա: Սա կարևոր նշան է մեր համագործակցության համար:
Միաժամանակ, այսօր ինձ տեղեկացրին, որ մոտ օրերս պետքարտուղարն այցելելու է Հայաստան, և խոսվելու է մինչև տարեվերջ մեր երկրում Սերբիայի Հանրապետության դեսպանություն բացելու մասին: Սրանք պատահական քայլեր չեն, սրանք քայլեր են՝ ուղղված երկու կողմերի համագործակցությանը:
Խոսելով մարդկային շփումների կարևորության մասին՝ կցանկանայի նշել, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա մեզ օգնության ձեռք մեկնած եղբայրական սերբ ժողովրդի անգնահատելի աջակցությունը, որը ցուցաբերվեց 1988թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնելու ժամանակ։ Վաղն այցելելու եմ Ավալա՝ մեր երախտագիտությունը հայտնելու այն օդաչուներին, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո հայ ժողովրդին օգնություն ցուցաբերելիս: Հայաստանը և հայ ժողովուրդը երախտապարտ են բարեկամ սերբ ժողովրդին։
Մեծարգո պարոն նախագահ,
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ ջերմ ընդունելության և հայ-սերբական հարաբերությունների զարգացման նկատմամբ Ձեր ուշադրության և քայլերի համար: Հույս ունեմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք պաշտոնական այցով հյուրընկալելու Ձեզ Հայաստանում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը