Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում ապրիլի 5-ից 6-ը պաշտպանության բանակ է այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Արցախի Պն-ից տեղեկացնում են, որ Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը այցելել է հարավային եւ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի մշտական տեղակայման վայրեր ու առաջնագիծ: Այցի շրջանակում մասնավոր ուշադրություն է դարձվել միավորումների եւ զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին առնչվող հարցերին:
Աշխատանքային այցի երկրորդ օրը հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու բանակի հրամանատարն այցելել են կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի առաջնագիծ, ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված եւ դեռեւս ընթացքի մեջ գտնվող ինժեներա-ամրաշինական աշխատանքերին, հետաքրքվել դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններով:
Այցի ավարտին ի մի են բերվել զորամասերի մարտական պատրաստության, թիկունքային ու տեխնիկական ապահովման ուղղություններում արձանագրված արդյունքները եւ հստակեցվել համագործակցության հետագա անելիքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը