20 02 2019

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան և կարևորել նրանց դերակատարությունը՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միջազգային մանդատ ունեցող ձևաչափ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ:

ՀՀ վարչապետը ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություների իրականացումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ