14 12 2018

Լևոն Մնացականյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն

Լևոն Մնացականյանը նշանակվեց Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հաստատած կառավարության որոշմամբ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն։

Մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:

Իսկ մինչ այդ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի անձնակազմին ուղղված խոսք է հղել, տեղեկացնելով, որ թողնում է Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը:

«Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը», - ասել է ևոն Մնացականյանը:

Նա հավաստիացրել է, որ իր համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են պաշտպանական համակարգը:

«Լիահույս եմ, որ այսուհետ ևս ձեր յուրաքանչյուրիդ մոտ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը: Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող և, որ շատ կարևոր է՝ հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ: Շնորհակալություն բոլորիդ համատեղ ծառայության համար», - նշել է Մնացականյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ