05 11 2018

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կժամանի Հայաստան

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կժամանի Հայաստան

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը (Clément Nyaletsossi Voule) նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը, hայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքը:

Այցի արդյունքներով Վուլը 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին կներկայացնի համապարփակ զեկույց:

«Հայաստանում խաղաղ, ժողովրդավար փոփոխությունների շրջան է, ինչը մեծ նշանակություն կարող է ունենալ մարդու բոլոր իրավունքների, մասնավորապես խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի պաշտպանության և ընդլայնման տեսակետից, ինչպես նաև կարող է նպաստել օրենքի գերակայության ամրապնդմանը՝ հանուն ժողովրդավարական նվաճումների ու տնտեսական զարգացման»,- նշել է փորձագետը:

Նա ընդգծել է, որ այցը հնարավորություն կընձեռի շփումների միջոցով ուսումնասիրել Հայաստանում խաղաղ իրավունքի իրացման խնդիրները:  

10-օրյա այցի ընթացքում Վուլը կլինի Գյումրիում, Վանաձորում, Վայքում և Երևանում, կհանդիպի կառավարության, դատական, օրենսդիր համակարգերի, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների մեդիայի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Նոյեմբերի 16-ին Կլիմո Նյալետսոսի Վուլը Երևանում հանդես կգա մամուլի ասուլիսով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ