23 02 2023

Արայիկ Հարությունյանը հայտնել է նոր պետնախարար անունը

Արայիկ Հարությունյանը հայտնել է նոր պետնախարար անունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ: Նա հայտնել է, որ պետական նախարարի պաշտոնում նշանակվե;ու համար առաջարկություն է ներկայացրել Գուրգեն Ներսիսյանին։

«Տեղեկացնեմ նաև, որ ես առաջարկել եմ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին ստանձնել պետական նախարարի պարտականությունները: Ուրախ եմ, որ նա պատրաստ է այս ծանր իրավիճակում վերցնել այդ դժվար պատասխանատվությունը: Վերջնական որոշման մասին առաջիկայում նա հայտարարություն կտարածի: Ընտրել եմ պարոն Ներսիսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը: Աշխատանքի բնույթով պայմանավորված՝ պարոն Ներսիսյանի կողմից ի նպաստ Արցախի կատարված բազմաթիվ աշխատանքներ չեն բարձրաձայնվում, դրանց մասին տեղեկացված են շատ սահմանափակ մարդիկ, համոզված եմ, մի օր հանրությունը նույնպես այդ ամենի մասին կտեղեկանա և կիրազեկվի, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել դատախազության կողմից վերջին երկու տարում՝ Գուրգեն Ներսիսյանի ղեկավարությամբ:

Նոր պետական նախարարի համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային կառույցների և արտաքին գործերի նախարարության: Ինչպես պարոն Վարդանյանի պարագայում, պարոն Ներսիսյանը նույնպես իմ կողմից ստանալու է լայն լիազորություններ և ազատություն իր համակարգման ոլորտում որոշումների կայացման համար, այդ թվում՝ կադրային հարցերում: Բնականաբար, ինչպես առ այսօր, կարևոր որոշումները կայացվելու են Անվտանգության խորհրդի և կառավարության կազմերով կոլեգիալ քննարկումների արդյունքում՝ հնարավորինս ապահովելով նաև հանրության ներառական մասնակցությունն այդ գործընթացում»,-նշել է նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ