05 01 2022

Դիմորդը միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ․ նոր փոփոխություններ

Դիմորդը միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ․ նոր փոփոխություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Նախագծով սահմանվում է, որ դիմորդը տվյալ ուսումնական տարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ: ՀՀ հանրակրթական, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա կամ նախորդ տարիների շրջանավարտները միասնական քննություններ կարող են հանձնել տվյալ տարվա հունվարին և հունիսին, իսկ մինչև հուլիսի 31-ը` զորացրվող դիմորդները, օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ ՀՀ քաղաքացիները՝ տվյալ տարվա հունվարին և հուլիսին:

Միևնույն առարկայից երկու միասնական քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով։

Նշյալ և դրան առնչվող դրույթները (տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25–ն ընկած ժամանակահատվածում միասնական քննությունների հայտագրման և հաջորդ տարվա հունվար ամսին քննությունների անցկացման մասով) ուժի մեջ կմտնեն 2022 թվականի սեպտեմբերի 1-ից հետո:

Հունվար ամսվա միասնական քննությունների հայտագրման և անցկացման ժամկետներն են՝

1) տվյալ տարվա դեկտեմբերի 15-25–ն ընկած ժամանակահատվածում դիմորդների՝ առավելագույնը երկու միասնական քննությունների առարկաների առցանց հայտագրում.

2) տվյալ տարվա հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում դիմորդների միասնական քննությունների կազմակերպում:

Կկանոնակարգվեն ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն նաև բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող որակավորումը: Դիմորդը, կարևորելով մասնագիտության ընտրությունը և ուսումնասիրելով իր հնարավորությունները, լինելով ավելի մոտիվացված և նպատակասլաց, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձնմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, ինչը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:

Նախագծով՝ 2022/2023 և 2023/2024 ուսումնական տարիների ընդունելության համար ամրագրվել են նաև «Արարատյան բակալավրիատ»-ի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները: Լրացվել է նաև առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության հատկացրած պահուստային տեղերի հաշվին բուհ ընդունվելու արտոնություն տվող օլիմպիադաների շարքը՝ Ժաուտիկովյան, Մենդելեևյան և Մեգապոլիսների օլիմպիադաների շարքում ներառելով նաև Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ