06 02 2021

Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ. բաշխված տոմսերով․ ԿԳՄՍՆ

Դպրոցականները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ. բաշխված տոմսերով․ ԿԳՄՍՆ

Այս տարի հանրակրթական դպրոցներում սովորող աշակերտները մշակութային օջախներ կարող են այցելել 2020 թ. բաշխված, սակայն COVID-19 համավարակով պայմանավորված՝ դեռևս չկիրառված բաժանորդային տոմսերով: Դպրոցականներին 2021 թ. նոր տոմսեր չեն տրամադրվի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աշակերտներին հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ՝ յուրաքանչյուրը մեկ անգամ: Ծրագրից կարող են օգտվել պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները: Յուրաքանչյուր 10 աշակերտի տրամադրվում է 1 լրացուցիչ տոմս, որը նախատեսված է ուղեկցող ուսուցչի համար:

Տոմսերը կարող են կիրառվել ինչպես անհատական, այնպես էլ խմբային այցելությունների դեպքում: Անհրաժեշտ է (հատկապես թատրոն և համերգասրահ այցելելուց առաջ) նախապես կապ հաստատել համապատասխան հաստատության հետ և ամրագրել այցը: Մշակութային հաստատությունը (թատրոն, համերգասրահ) իրավասու է սահմանել ծրագրի շրջանակում դպրոցականներին հատկացվող տեղերի քանակը, ինչպես նաև տվյալ ներկայացմանը, համերգին աշակերտների մասնակցության նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով տարիքային խումբը:

Հավելենք՝ բաժանորդային տոմսերն աշակերտներին բաշխվում են դպրոցների միջոցով, որոնց վրա պարտադիր է դպրոցի կնիքը:

Ծրագրի նպատակն է մշակութային միջոցառումներին աշակերտների ներգրավվածության բարձրացումը, մշակութային հաստատություն այցելելու ավանդույթի, գեղարվեստական ճաշակի և լայն աշխարհայացքի ձևավորումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ