20 01 2021

Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը. ԿԳՄՍՆ

Հաստատվել են դպրոցի զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները եւ ձեւաչափը: Պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը, որը հաստատության 5 տարվա ռազմավարական փաստաթուղթն է, ընդգրկում է մի շարք էական բաղադրիչներ. մասնավորապես` իրավիճակի վերլուծություն, նպատակների եւ խնդիրների սահմանում, նպատակների իրականացումն ապահովող միջոցառումների հաջորդականություն ու ժամանակացույց, պատասխանատուներ, արդյունքների գնահատման չափանիշներ, ռիսկեր, բյուջե եւ վերահսկողության մեխանիզմներ:

Դպրոցի զարգացման ծրագիրը մշակելիս պարտադիր է նաեւ հաստատության առաքելության սահմանումը, դպրոցի ուժեղ եւ թույլ կողմերի բացահայտումը, հիմնախնդիրների ձեւակերպումը, դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների նկարագրությունը, ֆինանսավորման մեխանիզմները եւ այլն: Ցանկացած գործողության համար պետք է սահմանել ակնկալվող արդյունք, որը պետք է լինի չափելի, արտահայտվի կոնկրետ ցուցանիշներով` թվեր, տոկոսներ, բնութագրիչներ:

Յուրաքանչյուր գործողության համար պետք է կատարվի նաեւ ֆինանսական հաշվարկ` նշելով ֆինանսավորման աղբյուրը: Զարգացման ծրագիրը հաստատում եւ դրա իրականացման ընթացքը վերահսկում է դպրոցի կառավարման խորհուրդը` 5-ամյա ծրագրի հիման վրա կազմված աշխատանքային պլանների կատարողականների հաստատման միջոցով:

Այդ նպատակով կառավարման խորհուրդը տարեկան առնվազն երկու անգամ քննարկում է ծրագրի դրույթների կատարողականները` տալով համապատասխան գնահատականներ, տնօրենին ապահովելով շարունակական խորհրդատվությամբ եւ այլ աջակցությամբ:

Դպրոցի զարգացման ծրագրի իրականացմանը կարող են ներգրավվել համայնքի եւ այլ հաստատությունների ներկայացուցիչներ: Համաձայն հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրության` զարգացման ծրագիրը տնօրենի հավակնորդից պահանջվող հիմնական փաստաթղթերից է, որի մշակման համար հավակնորդը հանդիպում է սովորողների, ծնողների եւ մանկավարժների հետ, ապա ծրագիրը ներկայացնում մանկավարժական ու ծնողական խորհուրդներին՝ նրանց քվեն ստանալու համար:

Ընտրվելուց հետո զարգացման ծրագիրը դառնում է տնօրենի գործունեության հիմնական ուղենիշը, որը միաժամանակ նրա գործունեության արդյունավետության գնահատման առաջնային չափանիշն է: Զարգացման ծրագրի չկատարելը կամ ոչ բավարար կատարելն օրինական հիմք է տնօրենին անվստահություն հայտնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ