04 12 2020

Դասախոսները դասադուլ կանեն՝ ի նշան կառավարության նոր նախագծի դեմ բողոքի

Դասախոսները դասադուլ կանեն՝ ի նշան կառավարության նոր նախագծի դեմ բողոքի

«Ես համալսարանական եմ» ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «03.12.2020թ.-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և համարել այն անհետաձգելի։

Օրենքի նախագծի 39-րդ հոդվածի 13-րդ մասը հնարավորություն է տալիս նախարարին ուղղակիորեն մինչև հինգ տարի ժամկետով նշանակելու բուհի և գիտական կազմակերպության ռեկտոր ու տնօրեն։ Ընդ որում, այդ անձի նկատմամբ չեն տարածվելու բուհի ռեկտորների համար նախատեսված պահանջները։ Փաստացի, նախարարը կարող է մինչև հինգ տարի ժամկետով բուհի ռեկտոր նշանակել ցանկացած անձի։

Սա ուղղակի հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածում ամրագրված` բուհերի ինքնակառավարման իրավունքի հետ։ Բացի դրանից` օրենքի նախագիծն ունի շատ խնդրահարույց դրույթներ, որոնք վերաբերում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային, գիտական ինստիտուտներին, գիտական աստիճանաշնորհման համակարգին։ Բուհերի և ակադեմիական հանրության կողմից այդ բոլոր թերությունները բազմիցս արծարծվել են, կատարվել են մեծաթիվ առաջարկներ, որոնք բոլորը մնացել են անպատասխան։

Այս օրենքի ընդունումը վտանգի առաջ է դնում ՀՀ գիտության և բարձրագույն կրթության ապագան, ուստի մենք կոչ ենք անում բոլոր դասախոսներին իրականացնել նախազգուշական դասադուլ մինչև 11.12.2020թ.-ը։ Անհրաժեշտության դեպքում դասադուլի ժամկետը կերկարաձգվի։

Խնդրում ենք առաջարկին կողմ բոլոր դասախոսներին միանալ դասադուլին։

Դասադուլին կարող եք միանալ՝ սույն հայտարարությունը տարածելով Ձեր ֆեյսբուքյան էջում»։

Նրանք հավելել են, որ այս նախաձեռնած գործողությունը գործադուլ չէ, քանի որ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ գործադուլ կազմակերպվում է գործատուի հետ ունեցած վեճը լուծելու համար:

«Մեր պահանջներն ուղղված են ոչ թե գործատուներին՝ բուհերին և գիտական կազմակերպություններին, այլ ՀՀ կառավարությանը, որը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ:

Մենք առաջարկում ենք իրականացնել դասադուլ: Դասադուլը բողոքի ձև է, որի հնարավորությունը նախատեսված ՀՀ սահմանադրության 42-րդ (կարծիքի արտահայտման ազատություն) և 44-րդ (հավաքների ազատություն) հոդվածներով»:

Նշենք, որ ԵՊՀ մի քանի դասախոսներ արդեն միացել են կոչին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ