Համացանցում վերջին օրերին տարածվել և բուռն քննարկումների առարկա էր դարձել «Սեռական առողջության այբբենարան» կոչվող գիրքը։ Նշվում էր, թե դա «տարրական» դպրոցական դասագիրք է։ Դասագրքի դպրոցական ծրագրերում լինելու վերաբերյալ հերքումներ տարածեցին նախարարությունից, սակայն քաղաքացիներից դեռևս մտահոգություն են հայտնում, որ նման բովանդակությամբ դասագիրք կարող է հայտնվել դպրոցական ծրագրերում։
Գրքի լուսանկարները՝ նյութի վերջում։
Yerevan.Today-ի հետ զրույցում «Հայ արարման հավաք» ՀԿ համահիմնադիր Սուրեն Օքմինյանը նշեց, որ կա իսպաներենից թարգմանված սեռական դաստիարակության վերաբերյալ գիրք, որն իր տեղեկություններով նախարարությունը պատրաստվում էր մտցնել դպրոցական ծրագրում․ «Քանի որ մենք պայքար էինք սկսել այս ամենի դեմ, ուզում են հրաժարվել այդ ծրագրերից, բայց այդ հրաժարվելը ժամանակավոր բնույթ է կրելու, բնականաբար մենք շարունակելու ենք պայքարել։ Իմ տեղեկություններով, սեռական կրթության վերաբերյալ նույնիսկ պատրաստվում էին մանկապարտեզներում հենց այս տարի առարկա մտցնել, ասել են, որ այս տարի ըստ ցանկության, հաջորդ տարի պարտադիր պետք է լինի։ Սակայն ինչպես հասկացանք դա ժամանակավոր ուզում են դադարեցնել։ Տարբեր տեղերից ահազանգ եմ ստանում, որ մի երկու տարի հետո կմտցվի դա։ Ի՞նչ տարբերություն հիմա, թե՝ երկու տարի հետո են պղծություն տարածելու»։
Օքմինյանի խոսքով իրենց պայքարի հետևանքն է, որ այս տարվա դպրոցական ծրագրերում չեն ներառել սեռական դաստիարակության վերաբերյալ առարկա․ «Իրենք չէին սպասում նման բողոքի ալիքի, իրենք մտածում էին, որ ժողովրդի մեջ դեռ 2018 թվականի էյֆորիան կա»։
ԿԳՄՍՆ-ից սուտ և զրպարտություն են որակում այդպիսի տեղեկությունները։
Մեզ հետ զրույցում նախարարության ներկայացուցիչ Լուսինե Ալեքսանյանը հայտնոց, որ առաջին անգամ համացանցում տարածված լուսանկարներից է տեսել այդ գիրքը։
Հարցին՝ հնարավո՞ր է դպրոցներում որևէ ֆորմատով հայտնվի սեռական դաստիարկության վերաբերյալ նյութեր, նախարարության ներկայացուցիչը բացառեց. «Տարրական դպրոցում ընդհանրապես մտադրություն չկա, չափորոշիչները դրված են, որևէ բովանդակային կետ դրա վերաբերյալ չկա։ Մարդիկ երևի մտածում են, որ եթե օրինակ գրված է դերային խաղեր դասագրքում, դրա տակ կարող է նման բան լինել, սա ծիծաղելի է, քանի որ դերային խաղերը երեխայի սովորական խաղերն են՝ սկսած տուն-տունիկից, դերային խաղերը եղել են միշտ, պարզապես այս աղմուկն անհասկանալի է։ Առաջիկա տարիներում նման մտադրություն որևէ մեկը չունի, որևէ խոսակցություն այդպիսի թեմայով չկա, որևէ ցուցում նման թեմայով չի եղել , սա կապում են Լանզարոտեի կոնվենցիայի հետ, սակայն մենք մեր վերջանարդյունքները ավարտել ենք մարտին, իսկ կոնվենցիան ընդունվել է ապրիլին։ Դրանից հետո աշխատանքային խմբերին որևէ ցուցում չի եղել, ոչ էլ խոսակցություն է եղել, որ պետք է վերանայել»։
Ինչ վերաբերվում է այդ գրքերի ծագումնաբանությանը և գրախանութներում հայտնվելուն, Նարինե Ալեքսանյանն ասաց․ «Տարբեր գրախանութներում կարող են լինել ինչ-որ հանրագիտարաններ, ցանկացած հրատարակիչ ազատ է ինչ-որ բան թարգմանելու և տպելու, նախարարությունը պարտավոր չէ համակարգելու՝ թե ով, որտեղ, ինչ է տպում։ Նախարարության պարտավարությունն է երաշխավորելու դրանք երեխաների համար որոշակի տարիքային խմբի և ես վստահեցնում եմ, որ բազմաթիվ այդպիսի հանրագիտարաններ են բերվել կրթության ազգային ինստիտուտ որպեսզի երաշխավորվեն տվյալ տարիքային խմբերի համար և դրանք մերժել են»։
Նրա խոսքով դպրոցական ծրագրում սեռական դաստիարակության վերաբերյալ որևէ նոր բան չի ավելացել․ «Մենք ունեցել ենք արդեն տասը տարի դպրոցում պետական պարտադիր ժամերի հաշվին ներառված առողջ պրելակերպ դասընթացը՝ տարեկան 14 ժամ, 10-րդ և 11-դ դասարանների համար։ Այդ կոնտեքստում, այո, կան որոշ թեմաներ վերարտադրողական առողջության, ՄԻԱՎ, ՁԻԱՀ կանխարգելման մասին, առողջ սննդի, ապրելակերպի և այդ թվում նաև վերարտադրողական առողջության մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը