23 05 2020

Հաստատվել է քոլեջների և ուսումնարանների ընդունելության և որակավորման կարգը

Հաստատվել է քոլեջների և ուսումնարանների ընդունելության և որակավորման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա նախնական արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում առկա ուսուցմամբ ընդունելության եւ պետական ամփոփիչ ստուգման կարգը: Կատարված ընթացակարգային փոփոխությունները հիմնականում պայմանավորված են արտակարգ իրավիճակի ռեժիմով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Ընդունելություն

•Հաստատություններն ընդունելությունն իրականացնում են 2020-2021 ուսումնական տարվա համար հատկացված` նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ անվճար եւ վճարովի տեղերին համապատասխան:

•Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Էլեկտրոնային եղանակով` ընդունելության հայտարարության հրապարակման օրվանից մինչեւ օգոստոսի 17-ը:

•Ոլորտային՝ արվեստի, առողջապահության եւ սպորտի մասնագիտություններով փաստաթղթերն ընդունվում են սկսած հայտարարության հրապարակման օրվանից եւ ավարտվում ուսումնական հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ:

•Բացի ոլորտային մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

•Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` համաձայն տնօրենի հաստատած ժամանակացույցի՝ օգոստոսի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:

•Դիմորդը ոլորտային մասնագիտության ընդունելության համար հանձնում է մեկ քննություն` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանի համաձայն: Մրցույթն իրականացվում է քննությունից ստացած գնահատականների հիման վրա: Հավասար գնահատականների դեպքում առավելությունը տրվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:

•Քննությունները կազմակերպվում են յուրաքանչյուր քննական խմբում`ընդգրկելով մինչեւ 20 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ` պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ ապահովելով սանիտարահիգիենիկ պայմանները:

•Միջին մասնագիտական կրթական ծրագրի դիմորդն ուսումնական հաստատության հաշվեհամարին իր անվամբ փոխանցում է 1000 դրամ եւ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ տրամադրում նաեւ փոխանցված գումարի կտրոնը:

Պետական ամփոփիչ ստուգում

•2019-2020 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ստուգման անցկացման նպատակով ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր մասնագիտության գծով ձեւավորվում են պետական որակավորող հանձնաժողովներ:

•Մինչեւ մայիսի 25-ը նշանակվում են ուսանողների փոխադրական եւ ավարտական ստուգարքները եւ կիսամյակային գնահատականները` հաշվի առնելով մինչեւ մարտի 13-ը տվյալ առարկայից (մոդուլից) դասամատյաններում առկա գնահատականները: 2020 թվականի մարտի 13-ից հետո հեռավար կամ առցանց (Էլեկտրոնային) եղանակով դասավանդման արդյունքները դասամատյաններում չեն լրացվում:

•Եթե ուսանողը մինչեւ մարտի 13-ը ստացել է գնահատական, որը ավելի ցածր է քան նախորդ կիսամյակում ստացած գնահատականը, ապա նշանակվում է նախորդ կիսամյակի տվյալ առարկայի (մոդուլի) գնահատականը:

•Եթե ուսանողը մինչեւ 2020 թվականի մարտի 13-ը չի ստացել տվյալ առարկայից (մոդուլից) գնահատական, ապա նշանակվում է նախորդ կիսամյակի գնահատականը:

•Եթե փոխադրական կուրսի ուսանողը առարկան (մոդուլը) անցել է միայն երկրորդ կիսամյակում եւ չունի գնահատական, սակայն մասնակցել է հեռավար կամ առցանց դասերին, ապա 2020 թվականի սեպտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում ուսումնական հաստատության կողմից կազմակերպվում է տվյալ առարկայի (մոդուլի) ամփոփում, որի արդյունքում ուսանողը գնահատվում է:

•Եթե փոխադրական կուրսի ուսանողը առարկան (մոդուլ) անցել է միայն երկրորդ կիսամյակում, սակայն չունի գնահատական ու չի մասնակցել հեռավար կամ առցանց դասերին, ապա 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ուսումնական հաստատությունը ուսանողի համար սահմանում է տվյալ առարկայի (մոդուլի) ուսումնառության անհատական գրաֆիկ:

•Հանրակրթական առարկաների քննական գնահատականները նշանակվում են կիսամյակային գնահատականների միջին թվաբանականով:

•Ուսումնական եւ արտադրական պրակտիկաների գնահատականները նշանակվում են տվյալ առարկայի տեսական մասից ուսանողի ստացած գնահատականի հիման վրա, իսկ նախաավարտական պրակտիկաներինը` ուսումնական եւ արտադրական պրակտիկաներից ստացած գնահատականների միջին թվաբանականով:

•Պետական որակավորող հանձնաժողովը` պետական ամփոփիչ ստուգումն ուսումնական հաստատությունում կազմակերպում է ուսանողների ստուգարքները եւ կիսամյակային գնահատականները նշանակելուց հետո, բայց ուչ ուշ քան մինչեւ 2020 թվականի մայիսի 30-ը:

•Մինչեւ պետական քննությունների սկիզբը պետական որակավորող հանձնաժողովին ներկայացվում են շրջանավարտների ուսումնառության ողջ ընթացքում ստացած գնահատականների (դիպլոմի ներդիրում անցկացվող) վերաբերյալ ամփոփաթերթերը:

•Մինչեւ 2020 թվականի հունիսի 5-ը շրջանավարտին է տրամադրվում ավարտական փաստաթուղթը` դիպլոմը (ներդիրով)` պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները եւ սոցիալական հեռավորությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ