23 04 2020

Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից

Բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը, որը վերաբերում է ուսանողներին:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ միջոցառման շահառու են բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավել տոկոս: Նշված սովորողներին հատկացվում է 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում։

Պետության կողմից սուբսիդավորվող ծրագրում վարկերի տրամադրման նոր պայմաններ կլինեն այն ուսանողների համար, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 և ավել տոկոս, նոր տրամադրվող ուսումնական վարկերի տոկոսադրույքը 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար ամբողջությամբ կսուբսիդավորվի պետության կողմից, որի արդյունքում այդ ժամանակահատվածի տարեկան տոկոսադրույքը կկազմի 0 տոկոս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին, հիշեցրեց, որ պայմանավորվել են, որ ուսանողական վարկերի տրամադրման կարգերը կհշետացվեն:

Արթուր Ջավադյանն ասաց, որ այս պահին 11 150 գործող վարկ կա, պայմանները բավականին հեշտացվում է բոլորի համար: Նա նշեց, որ վարկերի համար երաշխավորություններ ծնողների կողմից պետք չեն: «Վարկերի ստացման գործընթացն էլ է հեշատացվել»,-ասաց նա և նշեց, որ գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար և մերժվի:

«Այսպսով՝ կարող ենք արձանագրել, որ մեր այն քաղաքական հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից, հարյուր տոկոսով կատարվում է»,- ամփոփեց վարչապետը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ