ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է առաջիկա 10 տարվա ընթացքում Երևանի պետական համալսարանը տեսնել աշխարհի լավագույն 500 համալսարանների շարքում: Սեպտեմբերի 27-ին ԵՊՀ 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում վարչապետը նշեց․
«1919թ. մայիսի 16-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանի պետական համալսարան հիմնելու մասին որոշումը, որը դարձավ մեր կարճակյաց Առաջին հանրապետության կյանքում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձություններից մեկը: Այն, որ համալսարանը ստեղծվեց պատմաբանասիրական ֆակուլտետով, ցույց է տալիս այն նշանակությունը, որ մեր կյանքում պետք է ունենար այդ կառույցը: Երբ թվարկում ենք, թե ինչ անուններ են գործ ունեցել ԵՊՀ-ի հետ, ինչ անուններ են կերտել այս համալսարանը, նրա պատմությունը մեր իրականության համար ավելի արժեքավոր է դառնում` Հակոբ Մանանդյան, Ստեփանոս Մալխասյանց, Մանուկ Աբեղյան, և այսպես շարունակ: ԵՊՀ-ում ի վերջո կանոնակարգվեց մեր մշակութային այն ժառանգությունը, որը նույնպես պետք է ընկներ մեր պետական ինքնության հիմքում»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵՊՀ-ի մեծ դերն էր, որ կարևոր նշանակություն ունեցավ 1988թ.-ից հետո, երբ պետություն ստեղծելու խնդիր կար:
«1988թ. մեր ժողովուրդն ապրեց մի նոր վերածնունդ, որով ինքը պետք է որպես նոր ժառանգ տեր կանգներ իր նոր պետական ինքնությանը, և այս ողջ պատմության մեջ ԵՊՀ-ն ունեցավ շրջադարձային նշանակություն: Նոր պայմաններն իրենց հետ բերեցին ցնցումներ մեր հանրության բոլոր ոլորտներում: Մենք վերապրեցինք նոր պետություն կերտելու անհրաժեշտություն, պատերազմ, երկրաշարժ, ունեցանք կորուստներ: Պետք է արձանագրել, որ կրթական համակարգում ավելի շատ բարդությունների հանդիպեցինք, քան կարողացանք այդ բարդությունները լուծել, բայց ես ուզում եմ հավատալ, որ նոր ժամանակները ԵՊՀ-ի վերածննդի ժամանակներ են: ԵՊՀ-ն պետք է լինի մտքի, գաղափարների գեներացման հիմնական տեղն ու հարթակը: Նոր ժամանակներում ազատությունը, ազնիվ մրցակցությունը, մտքի զարգացումը նույնքան պահանջված են, որքան մեր ժողովրդի 20-րդ դարի կյանքի ընթացքում»,- նշեց նա:
Փաշինյանն իր շնորհավորական խոսքում մաղթեց, որպեսզի Երևանի պետական համալսարանը վերականգնի իր երբեմնի փառքն ու մեծությունը:
«Մաղթում եմ, որ մեր համատեղ աշխատանքի միջոցով ի վիճակի լինենք վերականգնել ԵՊՀ երբեմնի փառքը, մեծությունը. և սա պետք է արտահայտվի կոնկրետ արդյունքներով: ԵՊՀ-ն առաջիկա 10 տարվա ընթացքում պետք է տեղ գտնի աշխարհի ուժեղագույն համալսարանների առաջին 500 հորիզոնականում, սա խնդիր է, որի լուծման համար պետք է մեկտեղենք մեր ուժերն ու համալսարանը դարձնենք Հայաստանում մտքի, գաղափարների, ստեղծագործականության առաջատար, հիմնական ուժ»,- ասաց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը