27 02 2019

Անձնական հակամարտությունները մոռացնել են տվել ԵՊՀ շահը․ հայտարարություն

Անձնական հակամարտությունները մոռացնել են տվել ԵՊՀ շահը․ հայտարարություն

ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամները հայտարարություն են տարածել, որում ասված է.

«Հարգելի’ համալսարանականներ,

Վաղը ՝ փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգային հարցը կառավարիչ-ռեկտորի լիազորությունների դադարեցումն է: Հաշվի առնելով թեմայի նկատմամբ հանրային ուշադրությունը` հարկ ենք համարում հանրայնացնել մեր դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Շուրջ տասը ամիս է, ինչ առկա է լարվածություն մի քանի պաշտոնյաների և ԵՊՀ ղեկավարության միջև: Անձնական հակամարտությունները, ասուլիսային արդարադատությունը, ամեն գնով դիմացինին հաղթելու ցանկությունը մոռացնել է տվել համալսարանի շահն ու հեղինակությունը: Մենք խորապես մտահոգված ենք այս փակուղիով և ԵՊՀ զարգացման հեռանկարի անորոշությամբ:

Վերլուծելով նիստի հրավիրման հիմքերը, օրակարգային հարցը, ինչպես նաև վերջին շաբաթներում տեղի ունեցածի ժամանակագրությունը` մենք ունենք հետևյալ դիտարկումները.

1. Որո՞նք են այս օրակարգային հարցով հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրելու պատճառները: Եթե հիմքը ռեկտորի անարդյունավետ կառավարումն է, ապա ինչու՞ է մեկ ամիս առաջ միաձայն հաստատվել ռեկտորի տարեկան հաշվետվությունը: Եթե հիմքը ենթադրյալ  իրավախախտումներն ու չարաշահումներն են, ապա որտե՞ղ է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը: Ակնհայտ է, որ ՊՎԾ պաշտոնյաների կամ Ոստիկանության հայտարարությունները իրավական հիմք չեն կարող հանդիսանալ:

2. Ի՞նչ իրավական հիմքով է ԿԳ նախարարը հորդորում ԵՊՀ ռեկտորին հրաժարական տալ: Արդյո՞ք այդ հորդորը բուհի ինքնավարության նկատմամբ ոտնձգություն չէ, և օրակարգային նման հարցի առաջադրումն էլ պայմանավորված չէ ռեկտորի կողմից նախարարի հորդորներին տեղի չտալով:

Նման օրակարգային հարց քննարկելով` հոգաբարձուների խորհուրդը փաստացի դառնում է միջանձնյա հարաբերությունների կարգավորման գործիք և լեգիտիմացնում ԵՊՀ-ի նկատմամբ քաղաքական ճնշումները: Այս ամենը ոչ միայն չի բխում ԵՊՀ ինքնավարության և ինստիտուցիոնալ կայունության շահերից, այլ էապես արժեզրկելու է հոգաբարձուների խորհուրդը` որպես ինստիտուտ, և նպաստելու է ԵՊՀ-ի քաղաքականացմանը:

Մենք համոզված ենք, որ ԵՊՀ-ում կա բարեփոխումների մեծ անհրաժեշտություն, և այդ բարեփոխումները վստահաբար ենթադրում են նաև անձերի փոփոխություն, սակայն ստեղծված իրավիճակը առաջ է քաշել ավելի կարևոր արժեքների պահպանության անհրաժեշտություն, որոնք են իրավականությունը, ինքնավարությունը և բարոյականությունը:

Հաշվի առնելով վերոնշյալը` խնդրում և կոչ ենք անում հոգաբարձուների խորհրդի մյուս անդամներին ցուցաբերել սկզբունքային մոտեցում` միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ անկախ զանգերից, տարատեսակ միջնորդությունների փորձերից և խորհրդի մյուս անդամների քվեարկությունից` մենք առաջնորդվելու ենք բուհական ինքնավարությունը, իրավականությունը և բարոյականութունը հարգելու սկզբունքներով:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամներ

Սոսէ Ղազարյան,

Աննա Գարեգինյան,

Բաբկեն Հովհաննիսյան,

Գևորգ Մանուկյան,

Աստղիկ Մնացականյան,

Ամալյա Սողոմոնյան,

Ռոզա Խաչատրյան,

Դավիթ Ափոյան»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ