25 01 2019

Մանկավարժական համալսարանի Խորհուրդը նոր նախագահ ունի

Մանկավարժական համալսարանի Խորհուրդը նոր նախագահ ունի

Կայացել է Մանկավարժական համալսարանի խորհրդի նիստը:

Խորհրդի նախագահի պաշտոնում խորհրդի անդամներն առաջադրել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը:

Ինչպես հայտնում են համալսարանի լրատվական բաժնից, բաց քվեարկությամբ առաջադրված միակ թեկնածու Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղարի պաշտնում, անդամների առաջադրմամբ, ընտրվել է ուսանող՝ ՀՊՄՀ-ի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 1-ին կուրսի մագիստրոս Անժելա Գաբրիելյանը:

Խորհրդի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել պատասխանատու պաշտոնում իրեն ընտրելու համար և անդամաներին ներկայացնելով իր կենսագրությունն ու գիտամանկավարժական գործունեությունը՝ փաստել է, որ ինքն էլ կրում է Մանկավարժական համալսարանի կնիքը՝ բուհի շրջանավարտն է:

«Տարբեր ձեռնարկումների՝ գիտաժողովների, ավարտական քննություններ նախագահելու շրջանակներում մշտապես կապը պահել եմ հարազատ բուհի հետ: Այն հեղինակավոր համալսարան է, որի Խորհրդի նախագահը լինելու պատիվն ունեմ 39 տարի անց. կփորձեմ «պարտքերս վերադարձնել»»,-նշել է Դավիթ Գյուրջինյանն ու հույս հայտնել, որ խորհրդի նիստերը, ինչպես նաև բուհի ուսանողների, դասախոսների, ղեկավար կազմի հետ հանդիպումները կլինեն պարբերական՝ համալասարանի առաքելությունը լավագույնս իրագործելու համար:

«Դավիթ Գյուրջինյանի ներկայությունն ու դերակատարությունը այս կարևոր կառույցում լիովին համապատասխանում է բուհի բարի համբավին ու առաքելությանը»,-նշել է խորհրդի անդամ, ՀՊՄՀ-ի Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Լևոն Գալստյանը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորել է խորհրդի նորընտիր նախագահ Դավիթ Գյուրջինյանին և վստահեցրել, որ մեծ պատիվ է նրան՝ մեծանուն գիտնականին և բուհի շրջանավարտին, տեսնել այդ կարևոր ու պատասխանտու պաշտոնում:

Ռեկտորը ևս մեկ անգամ փաստել է՝ Դավիթ Գյուրջինյանն իր գործընկերների շրջանում վայելում է բարձր հեղինակություն և հույս հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենան առավել շոշափելի ձեռքբերումներ:

Խորհրդի անդամները դիտել են 2018 թվականին բուհում կատարված աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմ, ապա ՀՊՄՀ-ի ռեկտորը կատարված աշխատանքներին անդրադարձել է ուսանողների, շրջանավարտների թվի, եկամուտների ու ծախսերի համեմատության տեսանկյունից:

Խորհրդի անդամները, որոնք նախապես ծանոթացել էին 2018-ի հաշվետվությանը, բուհի ռեկտորին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:

Նիստի ավարտին մանկավարժական համալսարանի խորհուրդը 2018-ին կատարված աշխատանքները գնահատել է բավարար, ինչպես նաև հաստատել համալսարանի 2019-ի եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, հակակոռուպցիոն ռազմավարության ծրագիրն ու 2018-ի հակակոռուպցիոն ռազմավարութան իրականացման հաշվետվությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ