27 11 2018

Վիգեն Սարգսյանը՝ «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրեն



Նոյեմբերի 23-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով։ Միջոցառմանը հրավիրված էին «Լույսի» նախկին կրթաթոշակառուներ, բարձր առաջադիմությամբ ուսանողներ տարբեր բուհերից և այլ հյուրեր։

Ինչպես հայտնում են հիմնադրամից, դասախոսությունից առաջ միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմել է «Լույսի» հոգաբարձուների խորհրդի երկարամյա անդամ Վիգեն Սարգսյանը։ Նա հայտնել է, որ խորհրդի կողմից ստացել է առաջարկ՝ ստանձնելու հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, որը սիրով ընդունել է:

Ըստ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենի՝ շրջանավարտների այս նախաձեռնությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես ժամանակին հիմնադրամից ստացած կրթաթոշակը կարող է հետադարձ դրական ազդեցություն ունենալ «Լույսի» համայնքի ներկայացուցիչների ու Հայաստանի վրա: Ողջույնի խոսքում Վիգեն Սարգսյանը հատուկ ընդգծել է, որ հիմնադրամը իր խոստմանը համաձայն շարունակում է ֆինանսավորել շուրջ 70 կրթաթոշակառուի մինչև նրանց ուսումնական ծրագրերի ավարտը:

Կարևորելով «Լույսի» համայնքի անդամների կողմից կուտակած գիտելիքն ու փորձը ու առաջնորդվելով այդ գիտելիքը ի շահ Հայաստանի զարգացմանը ծառայեցնելուն` Վիգեն Սարգսյանը նշել է, որ խորհրդի կողմից որոշում է կայացվել հիմնադրել տարածաշրջանում լավագույն ուղեղային կենտրոններից մեկը: Կենտրոնը «Լույս» համայնքի ներուժը նպատակադրվելու է ծառայեցնել պետության բոլոր հիմնական ոլորտների զարգացմանը:

Ամփոփելով խոսքը՝ Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև տարիների ընթացքում հիմնադրամի լավագույն բարեկամներ դարձած բարերարներին ու դոնոր կազմակերպություններին։ 

Միջոցառման հիմնական հատվածում հրավիրված դասախոս պրոֆեսոր Քյուսիկը ներկայացրել է հեղափոխական ու այլ ճգնաժամային իրավիճակների պայմաններում առանձին երկրներում օտարերկրյա ներդրումների պասիվության պատճառները։ Ըստ նրա՝ գոյություն ունի սերտ փոխկապվածություն օտարերկրյա ուղղակի ներդրումների և քաղաքական անկայունության միջև, և այդ կապը բացասական է: Ամերիկացի պրոֆեսորի մոտեցմամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազման միտումը պայմանավորված է նաև քաղաքական անկայունության էությամբ։

Դասախոսությունից հետո տեղի է ունեցել պանելային քննարկում, որին հրավիրված էին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ Մասնակիցները հարցեր են ուղղել պրոֆեսոր Քյուսիկին և հնարավորություն ստացել համադրելու տնտեսագետների տեսակետները միևնույն խնդիրների վերաբերյալ:

«Լույս» գիտահետազոտական վերլուծական կենտրոնում ներգրավված կլինեն ոչ միայն «Լույսի» շրջանավարտները, այլ նաև վերլուծական և գիտահետազոտական ոլորտի լավագույն մասնագետները թե՛ Հայաստանից և թե՛ Սփյուռքից, որոնք հնարավորություն կունենան արժանապատվորեն ծառայել մեր պետությանը՝ իրենց մասնագիտական և հետազոտական գործունեության շրջանակներում։

Առաջիկայում կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն գիտահետազոտական կենտրոնի գործունեության ու ծրագրերի վերաբերյալ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ