ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է ոլորտում օպտիմալացումներ իրականացնելու մասին: Հարությունյանը ԳԱԱ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց՝ Գիտությունների ակադիեմիայի հետ քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորումների հետ կապված։ Նախարարը նշեց, որ գիտության ոլորտում կարող են օպտիմալացումներ լինել։
«Օպտիմալացման արդյունքում որոշ ուղղություններում կրճատումներ կլինեն, և այն լրացուցիչ միջոցները, որ պետք է ներգրավվեն պետության կողմից գիտության զարգացման համար, կնպաստեն ավելի մեծ թվով միջին տարիքի գիտնականների ներգրավմանը»,–նշեց Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե որ ուղղություններում են սպասվում օպտիմալացումներ։
«Չեմ կարող ասել, քանի որ այդ մշակումները վերջնական չեն և կարող են զանազան մեկնաբանությունների տեղիք տալ։ Ես հայտնել եմ նաև բուհերի միավորումների մասին, ակադիեմիայի հետ քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորումների հետ կապված»,–ասաց ԿԳ նախարարը՝ հավելելով, որ արդեն բավականին արդյունավետ համագործակցության օրինակներ կան Սլավոնական համալսարանի և Գիտությունների ակադեմիայի միջև։
«Ակադեմիայի որոշ ինստիտուտների գիտահետազոտական հնարավորություններն օգտագործում են Սլավոնական համալսարանի տարբեր ամբիոնների գիտական պոտենցիալը մեծացնելու համար. սա լավ փորձ է, և կարծում եմ, որ մյուս բուհերի դեպքում էլ կարելի է խթանել ակադեմիայի և բուհերի համագործակցությունը»,–ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը