30 03 2018

Կրթության և գիտության նախարարության աղմկահարույց նախագիծը

Կրթության և գիտության նախարարության աղմկահարույց նախագիծը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրել «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու մասին» կառավարության որոշման նախագիծ:

Այն բուռն քննադատության է ենթարկվում սոցցանցերում:

Հրապարակած հարթակում, սակայն, նախագծին կողմ ձայները մի փոքր գերակշռում են դեմ գնահատականներին:

Համաձայն նախագծի, «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նպատակը՝ սովորողների ՌՀԴ կազմակերպումը և իրականացումն ապահովող համակարգերի արդիականացման և կայուն զարգացման ապահովումն է՝ Հայաստանի Հանրապետության ժամանակակից մարտահրավերներին համապատասխան՝ ապահովելով պետական, համայնքային և հասարակական կառույցների ներդաշնակ համագործակցությունը՝ հայրենիքի պաշտպանությանը՝ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ քաղաքացու ձևավորման գործընթացում:

Ռազմահայրենասիրական կրթությունն ու դաստիարակությունը, համաձայն նախագծի, իրականացնելու են Կրթության և գիտության, Պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունները, ոստիկանությունը, մարզպետները, համայնքի ղեկավարները:

Նախագծի ի հայտ գալն ունի մի քանի պատճառներ:

Կրթության և գիտության նախարարությունը նշում է արտաքին և ներքին մարտահրավերներ:

Արտաքին մարտահարվերներից են՝       

  • պատերազմները,
  • շրջափակումը,
  • աշխարհում և հարևան երկրներում մոլեգնող ահաբեկչություններն ու պատերազմները,
  • հարևան որոշ պետությունների ծավալապաշտական նկրտումները և այլն, 

Ներքին մարտահարվերներից են՝

  • հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ  քաղաքացիների առկայությունը,
  • զինվորական ծառայության և զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը,
  • օտար մշակութային արժեքներին  հաղորդակից լինելու տենդենցը,    
  • անկարագապահությունն ու անդաստիարակությունը,
  • դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճը (փողոցային  արատավոր բառամթերքի օգտագործումը և համապատասխան վարքագծի դրսևորումը),
  • արտագաղթը,
  • տնտեսության դանդաղ զարգացումը՝ պայմանավորված վերը նշված գործոններով,
  • թմրամոլությունը,
  • թունամոլությունը,
  • սեռական այլասերվածությունը և նման այլ արատավոր երևույթները լուրջ խոչընդոտ են հանդիսանում՝ ինչպես ՌՀԴ, այնպես էլ բարոյահոգեբանական դաստիարակության իրականացման գործընթացին:

Վերոնշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ունենալ ինչպես ՌՀԴ, այնպես էլ բարոյահոգեբանական  դաստիարակության  գործող և կայուն համակարգ, որը կապահովի ֆիզիկապես և հոգեպես հայրենիքի պաշտպանությանը պատրաստ, կարգապահ, ազգային արժեքները գիտակցող և դրանք համամարդկային արժեքներին զուգադրել կարողացող, փողոցային արատավոր վարքերից զերծ և բարոյական բարձր արժեքներով օժտված  քաղաքացու ձևավորումը:

Ռազմահայրենասիրական կրթադաստիարակությունը կիրականացվի հանրակրթական հիմնական, մասնագիտական (նախնական (արհեստագործական) միջին և բարձրագույն) ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություններում:

Դաստիարակության գործընթացը ներառում է.

  1. ընդհանուր բարոյահոգեբանական դաստիարակությունը,
  2. էկոլոգիական դաստիարակությունը,
  3. աշխատանքային դաստիարակությունը,
  4. ֆիզիկական դաստիարակությունը,
  5. հայրենասիրական դաստիարակությունը,
  6. ռազմահայրենասիրական դաստիարակությունը:

Ելնելով դաստիարակության գործընթացի բազմաբովանդակությունից և տարաբնույթ ուղղություններից, այն իրականացնում են համապատասխանաբար ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ ֆիզիկական դաստիարակությունը,  զինվորական ղեկավարը՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բարոյահոգեբանական, էկոլոգիական, աշխատանքային դաստիարակությունը՝ դասղեկները (կուրսղեկները), դասավանդող  ուսուցիչները (դասախոսները):

Նախագիծը հարթակում կմնա մինչ ապրիլի 14-ը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ