28 03 2018

100 հազար դրամ միջին աշխատավարձ՝ գիտնականին

100 հազար դրամ միջին աշխատավարձ՝ գիտնականին

Մարտի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը: 2017թ-ի գիտական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

2012-2016թթ. ԳԱԱ-ում իրականացվել է տարեկան միջինը 277 ծրագիր: 2017թ-ին ՀՀ ԳԱԱ-ում կատարվել են գիտական աշխատանքներ 6 նպատակային, 52 բազային և 136 թեմատիկ ծրագրերով: Ստացված արդյունքներով հրապարակվել են` 118 մենագրություն և ժողովածու (17-ը` արտերկրում), 28 ուսումնական ձեռնարկ և դասագիրք (3-ն` արտերկրում), 2311 հոդված (842-ն` արտերկրում), 508 թեզիս (211-ն` արտերկրում):

ՀՀ ԳԱԱ-ն ակտիվորեն մասնակցում է միջազգային տարբեր գիտական ծրագրերի, այդ թվում՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC), Եվրոպական «Հորիզոն 2020», Սևծովյան տնտեսական համագործակցության և այլ ծրագրերի:

«Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հավանության է արժանացել 12 նախագիծ՝ 1.3 միլիոն եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ: Նախագծերից 9-ը ներկայացնում են ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները:

Դրամաշնորհային ծրագրերով ՀՀ ԳԱԱ-ն 2017թ-ին իրականացրել է 100 գիտահետազոտական աշխատանք` 528630 դոլլար, 448481 եվրո, 1557100 ռուբլի, 88 702240 դրամ արժողությամբ:

ՀՀ ԳԱԱ-ի գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից 2017թ. կազմել է 7 միլիարդ դրամ: Արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է մոտ 2 միլիարդ դրամ: Ամսական միջին աշխատավարձը, առանց արտաբյուջետային միջոցների, կազմել է 100 000 դրամ:

Առ 01.01.2018թ. ՀՀ ԳԱԱ կազմում ընդգրկված են 49 ակադեմիկոս և 57 թղթակից անդամ: Ընդհանուր ՀՀ ԳԱԱ աշխատակիցները 3875-ն են, որոնցից 2362-ը գիտական աշխատողներ են, 336-ը` գիտության դոկտորներ, 1079-ը` գիտության թեկնածուներ, 947-ը գիտական աշխատողներ են առանց գիտական աստիճանի:

Նշենք նաև, որ ժողովի ընթացքում ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գլխավոր տնօրեն նախագահ Սերժ Սարգսյանին խնդրեց 700 հազար եվրո տրամադրել սարքավորումներ ձեռք բերելու համար՝ նշելով, որ այդ սարքավորումներն անհրաժեշտ են 22 կենտրոնի համար: Սերժ Սարգսյանն էլ արձագանքեց. «Գումա՞ր եք ուզում, բոլորն էլ գումար են ուզում, ես էլ եմ ուզում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ