24 01 2025

Փաշինյանի աշխատակազմի հերթական դրամաշնորհը

Փաշինյանի աշխատակազմի հերթական դրամաշնորհը

168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն իր հերթական կլորիկ դրամաշնորհն է տրամադրել՝ այս անգամ «Սպասարկում» ՊՈԱԿ-ին։ Ի դեպ, այս ՊՈԱԿ-ին խոշոր դրամաշնորհներ տալու ավանդույթը, ինչպես և վարչապետի աշխատակազմին ենթակա մի քանի այլ ՊՈԱԿ-ների դեպքում, սկիզբ է դրվել 2022 թվականից։

Այսպիսով, հերթական տարեկան դրամաշնորհի պայմանագիրը կնքվել է հունվարի 21-ին։ Ըստ պայմանագրի՝ ՊՈԱԿ-ը 467 միլիոն 478.300 դրամով (շուրջ 1 միլիոն 165.000 դոլարով) պետք է ապահովի ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրակցված շենքերի և այլ գույքի սպասարկումը։ Պայմանագրի տեխնիկական բնութագրից էլ տեղեկանում ենք՝ խոսքը սպասարկվող 8 տարածքի մասին է, այդ թվում՝ Կառավարական թիվ 1 տան, Կառավարական թիվ 3 տան 2-րդ հարկի, Բաղրամյան 24-ի, Բաղրամյան 26-ի ավտոպարկի և Աբովյան 9 հասցեի երկրորդ և երրորդ հարկերի և այլն։

Ի դեպ, այս պայմանագիրը պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում հանրայնացվել է վրիպակով․ պայմանագրում գումարի չափի մասին տեղեկությունը տառերով տարբերակում կրկնել է նախորդ տարվա դրամաշնորհի գումարի չափը՝ 486 միլիոն 956.800 դրամը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 17-ին էլ կնքված երեք պայմանագրերով աստղաբաշխական ամենամյա դրամաշնորհներ էին հատկացվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրային տարբեր շրջանակներում առավել հայտնի է «Ֆեյքերի» ՊՈԱԿ անունով, և «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, կամ, ինչպես ընդունված է ասել, կառավարական դաչաներին։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրված առաջին դրամաշնորհի չափը կազմել է 16 միլիոն 500.000 դրամ, որը, ըստ պայմանագրի, նախատեսված է «Աջակցություն Սփյուռքի հայալեզու լրատվամիջոցներին» միջոցառման համար, երկրորդ՝ առավել խոշոր՝ 728 միլիոն 187.600 դրամ դրամաշնորհով էլ վարչապետի աշխատակազմը ՊՈԱԿ-ին պատվիրակել է «Հանրային իրազեկում, հասարակական-քաղաքագիտական հետազոտությունների իրականացում» միջոցառման ապահովումը։

Կառավարական դաչաներին այս տարի հատկացվել է 621 միլիոն 340.100 դրամի, կամ ավելի քան 1,5 միլիոն դոլարի չափով աջակցություն։ Գումարի շրջանակում, ըստ պայմանագրի, պետք է իրականացվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործումն ու սպասարկումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ