05 04 2024

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հարցերը սպառված չեն․ Լիլիթ Գալստյան

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի  շուրջ հարցերը սպառված չեն․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի  շուրջ հարցերը սպառված չեն։  Մասնագիտական դիտարկումների առնչությամբ հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի պարզաբանումների ամփոփաթերթը/որ զետեղել եմ իմ էջում/ բազմաթիվ հարցեր է առաջացնում։

Օրերս, լրացուցիչ պարզաբանումներ, նախարարության պաշտոնական տեսակետը  ստանալու  ակնկալիքով հետևյալ հարցերն եմ ուղղել ԿԳՄՍ նախարարությանը։

1․Ներկայացված փաստաթղթում ԿԳՄՍ փորձագետի արված դիտարկումները որքանո՞վ կարող են հակակշռել տասնյակ պատմաբան-մասնագետների կողմից արված եզրակացությանը և ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվել ԿԳՄՍ նախարարությունը մեկ անձի տեսակետը հիմք ընդունելով անտեսել Հայոց պատմության ուսումնասիրության մեջ լուրջ ներդրում ու ավանդ ունեցող մասնագետ գիտնականների կարծիքն ու եզրակացությունը:

2․Ներկայացված փաստաթուղթն ընդամենը մեկ հեղինակ-մեկ փորձագետ ձևաչափով կազմված բացարձակ անհամոզիչ գրություն է, այլ ոչ թե մասնագիտական կամ փորձագիտական եզրակացություն:

3․Հստակ պարզաբանման կարիք կա, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել ԿԳՄՍ նախարարության փորձագետը և ինչու՞ չկա այդ փորձագետի վերջնական եզրակացությունը, որի հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել դասագիրքը թողնել շրջանառության մեջ: Ձեր կողմից ներկայացված փաստաթուղթն ընդամենը երրորդ կողմի դիտարկումներ են, այլ ոչ թե նախարարության կողմից վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ մասնագիտական եզրակացություն:

4․Նախարարությունն արդյո՞ք տարբերություն տեսնում է «փորձագետ» և «մասնագետ» եզրույթների միջև, այն դեպքում երբ ԿԳՄՍ բանավոր ու գրավոր արձագանքներում այս երկու հասկացությունները ներկայանում են որպես համարժեքներ:

5․Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրված մեկ փորձագետի դիտարկումներին, ապա այստեղ տեսնում ենք մեկ այլ ցնցող պատկեր. նախարարության փորձագետը մատնացույց է անում խնդրահարույց դասագրքում առկա ավելի քան 100 (հարյուր) սխալներ, վրիպակներ ու անճշտություններ` ընդունելով պատմաբան-մասնագետների արված դիտողությունների ճշմարտացիությունը: Ի՞նչ է ստացվում: Մեկ դասագրքում, ըստ ԿԳՄՍ փորձագետի, առկա է հարյուրից ավելի խնդրահարույց հատվածներ և դա չտեսնելու տալով որոշում է կայացվում դասագիրքը չխոտանել ու թողնել շրջանառության մեջ: Որքանո՞վ է հիմնավոր ու արդարացված ԿԳՄՍ նախարարության նման որոշումը:

6․Անդրադառնալով ցանկացած դասագրքի և հատկապես պատմության առարկան ներկայացնող դասագրքի կարևորագույն բաղադրիչին, այն է` պատկերազարդումներին ու լուսանկարչական նյութին, դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն իր մեկնաբանություններում արձագանքում է հետևյալ կերպ. «Այն հատվածներին եմ պատասխանել, որոնք կոնկրետ վերաբերում են ինձ։ Դասագրքի տեխնիկական կողմերին անդրադառնալը իմ դաշտից դուրս է»։ Ի պատասխան այս դիտարկմանը ԿԳՄՍ փորձագետն արձագանքում է հետևյալ կերպ. «Լուսանկարների ընտրությանը վերաբերող դիտարկումները չի կարելի տեխնիկական խնդիր համարել: Քարտեզների դեպքում առաջարկում ենք գրել դրանց հեղինակների անունները, որպեսզի ողջ պատասխանատվություն ը գրքի հեղինակի վրա չլինի»: Ի՞նչ է ստացվում: Փաստորեն ԿԳՄՍ փորձագետը ևս ընդունում է, որ դասագրքի պատկերագրական ու լուսանկարչական նյութը խնդրահարույց է և արդյո՞ք միայն այս հանգամանքը բավարար չի այդ դասագիրքը խոտանելու համար:

7․Բացարձակ անհասկանալի ու անընդունելի է ոչ միայն մեկ փորձագետի կարծիքը հաշվի առնելով և տասնյակ գիտնականների եզրակացությունն անտեսելով վերջնական որոշում կայացնելու ԿԳՄՍ մոտեցումը, այլև այդ նույն փորձագետի ինքնությունը, գիտական աստիճանն ու կոչումը գաղտնի պահելու հակումը: Մասնագիտական եզրակացություն ներկայացրած շուրջ երկու տասնյակ գիտնականները իրենք ինքնությունները չեն կոծկել, այնինչ պարզ տրամաբանությունը հուշում է, որ «անկախ փորձագետ» բնորոշումը ենթադրում է անձի ինքնության հրապարակում` ավելի համոզիչ ու անաչառ երևալու համար:

8․Արդյոք նախարարությունը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում դասագրքի հեղինակին միակողմանի պաշտպանության, այդ դասագրքի խմբագրական աշխատանքները հեղինակի կնոջը վստահելու հարցում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ