23 01 2024

Ոչ մի գիտնական նման հարցով Փաշինյանին չի դիմել․ պատմաբանը՝ «Հայոց պատմություն» առարկայի վերանվանման մասին

Ոչ մի գիտնական նման հարցով Փաշինյանին չի դիմել․ պատմաբանը՝ «Հայոց պատմություն» առարկայի վերանվանման մասին

Պատմաբան Աշոտ Ղուկասյանը անհեթեթ և ծիծաղելի է համարում ԿԳՄՍՆ օրերս հնչեցրած առաջարկությունը «Հայոց պատմություն» առարկան վերնվանել «Հայաստանի պատմության»։

«Դա արհեստականորեն ստեղծված իրավիճակ է, որպեսզի դրանով նրանք կարողանան առաջ տանել իրենց քաղաքականությունը։ Դրա անհրաժեշտությունը չկա և ընդհանրապես անհասկանալի է թե ինչ է նշանակում Հայաստան և հայոց պատմություն։ Դրանք նույնական են։ Նրանք փորձում են դրա տակ դնել պետականության գաղափար։ Ծիծաղելի է թվում։ Պատկերացնո՞ւմ եք, եթե մենք այն շրջանի մասին գրենք, երբ պետականություն չենք ունեցել, անվանենք հայերի պատմություն, իսկ երբ որ պետականություն ենք ունեցել, դարձնենք Հայաստանի պատմություն»,- նշեց պատմաբանը Yerevan Today-ի հետ զրույցում։

ԿԳՄՍ նախարարության այն հիմնավորումը, որ վերանվանումը ավելի հստակ է դարձնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները, Ղուկասյանն արդարացված չի համարում։

«Բոլոր պատմիչները, ովքեր գրել են ամբողջական մեր պատմությունը, նրանք կոչել են «Պատմություն հայոց»։ Այսինքն, մենք եթե անվանումը դրել ենք Հայոց պատմություն, դա առաջինը մեր պատմիչների, մեր ավանդույթների ուժով է։ Երկրորդը՝ երբ ասում ենք Հայոց պատմություն, մենք հասկանում ենք ոչ միայն Հայաստանի պատմությունը, այլ նաև գաղթօջախներում ապրող հայերի պատմությունը, սփյուռքի պատմությունը, հասկանում ենք մեր ժողովրդից կտրված ուրիշ երկրների մեջ մտնող մեր տարածքների պատմությունը։ Եթե մենք ասենք հիմա Հայաստանի պատմություն, այսինքն ձեռք ենք քաշում ընդհանրապես Արցախից, Նախիջևանից»,- նշեց նա՝ հավելելով, որ առարկան վերանվանելով մենք որպես Հայաստանի պատմություն կներկայացնենք ընդամենը Արարատյան աշխարհի պատմությունը, միայն այդ մեկ նահանգի պատմությունը։

Պատմաբանի կարծիքով, սուտ է նաև այն, որ որոշ պատմաբաններ, գիտնականներ դիմել են Փաշինյանին այդ առաջարկով․  «Ոչ մի գիտնական նման հարցով իրեն չի դիմել, ինքը արհեստականորեն ուզում է այդպիսի բան ստեղծել, որպեսզի դրանով Ադրբեջանի, Թուրքիայի պահանջը բավարարի, որ տեսեք՝ Հայաստան ասելով ես հասկանում եմ այս փոքրիկ հանրապետությունը։ 1918-20 թթ․ Հայաստանի հանրապետությունը, հատկապես արևմտահայերը անվանում էին Արարատյան հանրապետություն։ Այսինքն սա նշականում է, որ մենք մոռացության կմատնենք 29,8 հազար քառակուսի կմ–ից դուրս գտնվող Հայաստան հասկացությունը։ Դա պետականության հետ ընդհանրապես կապ չունի»։

Եվ չնայած, որ Աշոտ Ղուկասյանը «Հայոց պատմություն» և «Հայրենագիտություն» առարկաների մի շարք մեթոդական ձեռնարկների հեղինակ է, նրան ԿԳՄՍՆ-ն չի դիմել, կարծիք-խորհրդատվություն չի անցկացրել։ Նախարարությունը բավարարվել է միայն վարչապետին դիմած առեղծվածային գիտնականների կարծիքով։ «Հայ մարդուն նրանք չեն դիմում։ Ես չեմ զարմանա, եթե սրանք իշխանության մնան մի օր կբերեն Հայաստանի պատմությունը սկսեն 2018 թվականի մայիս ամսով»,- զրույցը եզրափակեց պատմաբան Ղուկասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ