02 10 2023

Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն

Հայաստանի 14 դպրոցներում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն

Yerkir.am-ը գրում է․ Հայաստանի 14  դպրոցներում 2022-2023 ուսումնական տարում դասավանդվել է թուրքերեն, իսկ 4-ում՝ ադրբեջաներեն։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից՝ Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան։

Նախարարությունից տեղեկացրել են նաև, որ ուսուցման ծրագրում ընդգրկված է եղել շուրջ 491 աշակերտ։ Նախարարությունը, այդուհանդերձ, չի պատասխանել և նրբորեն շրջանցել է Yerkir.am-ի կողմից բարձրացված  մի շարք հարցեր, այն է՝  ովքե՞ր են նշված դպրոցներում դասավանդելու թուրքերեն և ադրբեջաներեն, ունե՞ն, արդյոք, համապատասխան որակավորում նշված դասավանդողները, ի՞նչ ծրագրով են դասավանդվում նշված առարկաները և այլն։

Իզուր չէ ասված ժողովրդական հայտնի խոսքը՝ թշնամու լեզուն պետք է իմանալ։ Սակայն հույժ կարևոր է, թե այդ թշնամու լեզուն ուսուցանողն ո՞վ է և ի՞նչ վերաբերմունք է սերմանելու աշակերտի մեջ դեպի թշնամին։  

Հաշվի առնելով, թե ինչ «խաղաղասեր» իշխանություններ և հատկապես ԿԳՄՍ նախարար ունենք, որի համար, օրինակ, նժդեհյան  գաղափարախոսությունը ֆաշիստական է և վտանգավոր, չի բացառվում, որ լեզուները դասավանդելուն զուգահեռ աշակերտին սովորեցնեն, օրինակ, որ թուրքը մեր բարեկամն է և մեզ մորթելու, տարածաշրջանից բնաջնջելու դարավոր երազանք չունի։ Իսկ դա թյուրքական հայակործան քաղաքականության պայմաններում լրջագույն հարված կարող է հասցնել  ազգային դիմադրողականությանը, հասարակությանը, նոր սերնդին նետել խորը թմբիրի մեջ և դառնալ ազգային անվտանգության համար լրջագույն սպառնալիք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ