08 06 2022

Կառավարման ակադեմիայում «զուգադիպությամբ» դիպլոմներից զրկվում են Արցախի շուրջ հակաիշխանական դիրքորոշում ունեցողները

Կառավարման ակադեմիայում «զուգադիպությամբ» դիպլոմներից զրկվում են Արցախի շուրջ հակաիշխանական դիրքորոշում ունեցողները

Պետական կառավարման ակադեմիայում այս տարի մագիստրոսների ավարտական քննություններն ամփոփվել են քաղաքական նրբերանգներով․ սա ուսանողների կարծիքն է:

Ասում են՝ խոշորացույցի տակ են հայտնվել Ֆրանսիայի հրապարակում լուսանկարված շրջանավարտներները կամ Արցախի համար պայքարին ինչ-որ ձևով միացած ուսանողներ: 40 բալանոց անցողիկ շեմից այս տարի ցածր են նշանակել մի շարք ուսանողների ու սա այն դեպքում,   երբ մինչ այդ առկա է եղել նույն այդ շրջանաարտների թեզերին տրված ղեկավարի ու  ընդդիմախոսի  դրական եզրակացությունները:

Լուրջ անհանգստություն ու տագնապ կա ակադեմիայի ուսանողների շրջանում, չեն  բացառում, որ տասն օր հետո դիպլոմներ հանձնելու գեղեցիկ արարողության ժամանակ պարզեն, որ իրենք զրկված են դիլոմակիր դառնալու իրավունքից ու այդ «պատժին» զուգադիպությամբ արժանանում են Արցախի համար իշխանական թեզերին ու տեսակետներին հակադրվողները:

Ամեն դեպքում, ուսանողները նշեցին, որ «պատահականորեն» տուժել են ընդդիմադիր կեցվածք ցուցաբերած շրջանավարտները, իսկ պետական քննական հանձնաժողովը, ընդգծենք, զուգադիպությամբ նախագահել է կառավարությունից գործուղված պաշտոնյա՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Հատկանշական է այն, որ երկրորդ տարին է, ինչ քաղաքական կամայականություններ են նկատում ուսանողները այստեղ ու դժգոհում են , որ երկու տարին էլ կառավարման ակադեմիայում ուսումնական տարին  ավարտվում է Կառավարությունից պետական քննական հանձնաժողովի նախագահ կարգելով։ Կառավարկան ակադեմիայի ռեկտորը ևս պատահական մեկը չէ, «փաշինյանական հեղափոխություն» թիմի շրջանակներից է՝  Խաչատուր Ղազեյանը։ Նա ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի մտերիմներից է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հայտնել էին, որ քաղաքական հայացքների պատճառով նրանց հետ խզվել են նույն ակադեմիայում դասավանդելու պայմանագրերը։

Նշենք, որ այլ ուսումնական հաստատություններից ահազանգեր դեռ չեն ստացվել, ու չնայած ուսանողների շրջանում ընդդիմադիր տրամադրությունները շատ են, այնուամենայնիվ նրանց կաշկանդելը դժվար է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ