Այս գլոբալ թոհուբոհի մեջ փոքր լավ լուրով եմ ուզում կիսվել (ինձ համար՝ մեծ). վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը՝ նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանին ազատ արձակելու որոշման դեմ։ Ռոբերտը կմնա ազատության մեջ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
«Այդ կարևոր որոշումը կայացրեց դատավոր Բիշարյանը»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Նալբանդյանը գերեվարվել էր նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան առաջնագծում ադրբեջանական զորքերի հարձակման եւ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նալբանդյանը երեք անչափահաս երեխայի հայր է, ունի առողջական խնդիրներ, քանի որ ադրբեջանական գերության օրերին մարմնական վնասվածքներ է ստացել՝ ադրբեջանցիները ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կողոսկրերի կոտրվածքներ է ստացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը