«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը ջանքեր չի խնայում՝ փետրվարի 25-ին նշանակված Դատավորների ընդհանուր արտահերթ ժողովը տապալելու համար:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։
Օրակարգում քննարկման առարկա կդարձվի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։
Արտահերթ ժողով հրավիրելու համար 115 դատավորի ստորագրությամբ համապատասխան գրությամբ դատավորները Վճռաբեկ դատականի նախագահին դիմել էին շուրջ երկու շաբաթ առաջ, միայն փետրվարի 18-ին է համապատասխան որոշումը կայացվել՝ արտահերթ ընդհանուր ժողով հրավիրելու մասին:
Մեզ հասած տեղեկություններով, ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը լծակներ է կիրառում՝ որոշ դատավորների նկատմամբ՝ ժողովին չներկայանալու համար, որպեսզի քվորումը չապահովվի ժողովը տապալվի։
Իշխանությունները գիտակցում են, որ ժողովը կայանալու դեպքում կընդունվի դատական իշխանության անկախության դեմ ոտնձգությունները քննադատող հայտարարություն. Դատավորների միության նախագահի ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ դատավորների շրջանում Ջհանգիրյանը չունի հարգանք ու հեղինակություն։
Այդ ժամանակ Ջհանգիրյանի թեկնածուի օգտին քվեարկել է ընդամենը 44 դատավոր, Ազարյանի օգտին՝ 139 դատավոր և այժմ Ջհանգիրյանը փորձում է նորից նույն սխալը թույլ չտալ, այն է՝ ոչ թե ժողովում տապալել դատավորների այլախոհությունը, այլ թույլ չտալ, որ տեղի ունենա բուն ժողովը։ Գործի է դրվել ճնշման ամբողջ զինանոցը. Որոշներին համոզում են, որոշներին սպառնում կոմպրոմատներով, մյուսներին էլ փորձում են կաշառել առաջխաղացման խոստումներով։
Փետրվարի 25-ին իրոք հետաքրքիր ու ծանր փորձություն է սպասվում դատական համակարգին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը