01 09 2021

Լրագրողը պաշտպանված է օրենքով՝ չբացահայտելու աղբյուրը, դա ոչ միայն լրագրողի, այլ առաջին հերթին հանրային շահն է. Ղազարյան․ «Փաստինֆո»

Լրագրողը պաշտպանված է օրենքով՝ չբացահայտելու աղբյուրը, դա ոչ միայն լրագրողի, այլ առաջին հերթին հանրային շահն է. Ղազարյան․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

«ԱԱԾ-ն պետք է ոչ թե որպես առաջնային գործիք դիմի լրատվամիջոցին, այլ՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչը պետք է նշվի նամակում, մնացած դեպքերում լրագրողը պաշտպանված է Սահմանադրությամբ և ԶԼՄ մասին օրենքով՝ աղբյուրը չբացահայտելու, ինչը ոչ միայն լրագրողի շահն է, այլ՝ առաջին հերթին հանրային շահը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն ԱԱԾ-ից երեկ գրություն էր ստացել, որով վերջիններս պահանջում են հայտնել շուրջ վեց ամիս առաջ հրապարակված «Շվեյցարիայի իշխանությունները մերժել են Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի գործով իրավական փոխօգնության միջնորդությունը՝ մեղսագրվող մեղադրանքը որակելով քաղաքական» վերնագրով հոդվածի ինֆորմացիայի աղբյուրը, ինչպես նաեւ տրամադրել լրագրողի անձնական տվյալները և հեռախոսահամարը:

Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մատնանշեց ՍԴ համապատասխան որոշումը, համաձայն որի՝ տեղեկատվության աղբյուրը կարող է բացահայտվել, երբ աղբյուրի բացահայտումն անհրաժեշտ է անձի կյանքի պաշտպանության, ծանր (առանձնապես ծանր) հանցագործությունը կանխելու կամ ծանր (առանձնապես ծանր) հանցանքի մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար: Փորձագետի դիտարկմամբ՝ ՍԴ-ի կողմից սահմանված հիմքերն այնքան նեղ են, որ այդպիսիք գրեթե չկան։

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն պետք է ոչ թե որպես առաջնային գործիք դիմի լրատվամիջոցին, այլ՝ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչը պետք է նշվի նամակում, մնացած դեպքերում լրագրողը պաշտպանված է Սահմանադրությամբ և ԶԼՄ մասին օրենքով՝ աղբյուրը չբացահայտելու, ինչը ոչ միայն լրագրողի շահն է, այլ՝ առաջին հերթին հանրային շահը: Փորձագետը նշեց, որ նման դեպքերում պետք է ԱԱԾ-ին պատասխանել . «Շնորհակալություն, այլևս մեզ նման ակնհայտ անհիմն խնդրանքով չզբաղեցնեք, մենք զբաղված մարդիկ ենք»:

Հարցին՝ արդյո՞ք դա ճնշման փորձ չէ լրատվամիջոցի նկատմամբ, Ղազարյանը նշեց, որ դա հնացած մեթոդ է, առաջին անգամ Հայաստանում 2013-2014թթ սկսվեց դիսկուրս, ինչի արդյունքում ստացանք ՍԴ հրաշալի որոշումը:

«Եթե, ինչպես ասում են, նորը վաղուց մոռացված հինն է, դա որևէ օգուտ չի տա, որովհետև, ի վերջո, լրագրողները չեն բացահայտի իրենց աղբյուրները: Ես դեռ չգիտեմ լրագրող, որը բացահայտած լինի իր աղբյուրը և չգիտեմ դեպք, որ լրագրողին հետապնդեն դրա համար: ԱԱԾ-ն նախ պետք է փորձի լրագրողին ներգրավվի որպես վկա, բայց նույնիսկ այդ դեպքում ձախողվելու է, եթե ՍԴ նշած հիմքերից թեկուզ մեկն առկա չլինի»,- ընդգծեց Ղազարյանը՝ հավելելով, որ վերջին շրջանում լրատվամիջոցները նման նամակներ են ստանում, բայց լրագրողները չեն էլ ցանկանում լսել այդ մասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ