06 07 2021

Գագիկ Ջհանգիրյանը կատարում է դատական համակարգը բուռը հավաքելու իր խոստումը. 168.am

Գագիկ Ջհանգիրյանը կատարում է դատական համակարգը բուռը հավաքելու իր խոստումը. 168.am

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հուլիսի 6–ին, ընտրել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ: Այդ պաշտոնն այժմ կզբաղեցնի նախկինում արդեն դրա քաղցրությունը բառի բուն իմաստով վայելած Տիգրան Սահակյանը: Այս մասին գրում է 168.am-ը։

Կայքը հիշեցնում է, որ դեռ հուլիսի 2–ին, armdaily.am-ը գրել էր այն մասին, որ Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրանում է հուլիսի 4-ին, եւ Վերաքննիչ քրեականի «առումը» Բարձրագույն դատական խորհրդի ( ԲԴԽ) նախագահի աթոռը զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանի համար կյանքի ու մահու հարց է: Ինքը խնդիր ունի՝ ապացուցելու, որ կարող է, ինչպես եւ խոստացել էր, դատական համակարգն իր բուռը հավաքել, եւ այդ ճանապարհին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում իր թեկնածուին նշանակելը կարող է առանցքային նշանակություն ունենալ:

Կայքը գրել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում այս դատարանի դատավորները ցանկանում են տեսնել համակարգում անաչառ ու հեղինակություն վայելող դատավորի համարում ունեցող Մխիթար Պապոյանին, ինչը, սակայն, Գագիկ Ջհանգիրյանի սրտով չէ, քանի որ վերջինս չի համաձայնի աշխատել իր կանոններով, քաղաքական հնչեղություն ունեցող գործերով իշխանահաճո որոշումներ չի կայացնի, գործարքի չի գնա։

«Նրա համար ցանկալի թեկնածու է Սեւակ Համբարձումյանը, ով, ի թիվս այլ ականջահաճո տեքստերի, հայտարարել է, որ կարող է ապահովել դատարանի բնականոն գործունեությունը, գիտի՝ որը ոնց անել եւ այլն։ Սեւակ Համբարձումյանի թեկնածությանը աջակցում է նաեւ դատախազասեր անցյալով դատավոր armdaily.am-ը։

Համակարգում ժպիտով են հիշում Տիգրան Սահակյանի պաշտոնավարման ժամանակները, երբ Վերաքննիչ քրեական դատարանն ասես «չենջ» լիներ, երբ ամեն առավոտ դատավորները ներկայանում էին դատարանի նախագահին ու նոր գնում իրենց գործերով:

Լավագույն ավանդույթները, փաստորեն, շարունակվում են, եւ Գագիկ Ջհանգիրյանն, ըստ էության, աստիճանաբար իրականացնում է իր ծրագրերը՝ կառավարելի դատական համակարգ ունենալու մասով՝ պատասխանատու պաշտոններում նշանակելով լիարժեքորեն կառավարվող անձանց:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրության ժամանակ ԲԴԽ դիմադրությունը բռնել է միայն դատավոր Արմեն Դանիելյանի՝ այդ պաշտոնում թեկնածության քննարկման ժամանակ, այն Արմեն Դանիելյանի, ով սիրում է առանց պաշտպանական կողմին լսելու՝ գնալ խորհրդակցական սենյակ ու վճիռ կայացնել: ԲԴԽ-ն դեմ է եղել Արմեն Դանիելյանին տեսնել Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտնում:

Չի ստացվել նաեւ Սեւակ Համբարձումյանի նշանակումը, եւ երկու մնացած թեկնածուներից՝ Տիգրան Սահակյանի եւ Մխիթար Պապոյանի միջեւ ԲԴԽ անդամներն ընտրել են Տիգրան Սահակյանին:

Սակայն սա ամենը չէ: Հայտնի դատավոր «Հրաչ ջան»-ին, ով ուզեր-չուզեր պետք է տար Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ում անունը, սակայն, իրականում Վաչե Մարգարյան է, Գագիկ Ջհանգիրյանը ցանկացել է նշանակել Կոտայքի մարզի դատարանի նախագահ, սակայն այդ նշանակմանն էլ դեմ են գնացել Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրի դատավորները՝ ասելով, որ վերջինիս վարույթում հարյուրավոր գործեր կան, ո՞վ պետք է դրանք ավարտին հասցնի, եթե հիմա նա աշխատավայր փոխի:

Դե ինչ, փաստենք, որ դատական համակարգին ու ԲԴԽ-ին բազում «պայծառ» օրեր են սպասվում: ԲԴԽ-ն վերջապես ստացավ իր այնքան երազած նախագահին ու հիմա արդեն մտածելու կարիք առանձնապես չի ունենա, քանի որ իր փոխարեն Գագիկ Ջհանգիրյանը կորոշի, իսկ դատական համակարգին էլ նոր «ուրախ» օրեր են սպասվում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ