168.am-ը գրում է.
«Երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց նախաքննական մարմնի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, և բժիշկը կկալանավորվի մեկ ամսով:
Դատական նիստից հետո Չարչյանի պաշտպանները հայտարարեցին, որ առկա է այն ձայնագրության ամբողջական տեսատարբերակը, որի մի հատվածի՝ տելեգրամ ալիքներից մեկով հրապարակումը դարձավ քրեական գործ հարուցելու ու պրոֆեսորին կալանավորելու հիմք ու պայման:
168.am-ի տրամադրության տակ է հայտնվել այդ տեսաձայնագրությունը, որից պարզ է դառնում՝ բժիշկ Չարչյանը թեպետ հորդորում, պահանջում է իր կոլեկտիվից մասնակցել ընտրություններին, բայց նաև հավելում է, որ որևէ մեկի չմասնակցելը հետևանք չի առաջացնելու, ռեպրեսիա կամ որևէ բան չի լինելու:
168.am-ի հետ զրույցում Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ տվյալ դեպքում հարկ է նկատել, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված հիշյալ փաստական տվյալները և պաշտպանական կողմի կողմից դատական նիստի ժամանակ տրամադրված տեսաձայնագրությունը, փաստաբանական հարցման արձանագրությունն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցությամբ գնահատելիս՝ հանգում ենք հետևության, որ նշված փաստական տվյալներով ոչ թե հաստատվում է Արմեն Չարչյանի կողմից իրեն վերագրվող հանցավոր արարքը կատարած լինելու հիմնավոր կասկածը, այլ հակառակը՝ հերքվում է։
«Ավելին՝ այդ փաստական տվյալների ամբողջությունն անգամ առևերևույթ վկայում է Արմեն Չաչյանի արարքում առհասարակ հանցակազմի բացակայությունը։ Այսպես․ Համաձայն՝ քննիչի կողմից ներկայացված ձայնագրության արձանագրության և պաշտպանական կողմի կողմից դատական նիստի ժամանակ տրամադրված տեսաձայնագրության և փաստաբանական հարցման արձանագրության, որոնք պատշաճ իրավական ընթակարգի շրջանակներում հետազոտվել են դատարանի կողմից, Արմեն Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, սակայն ենթադրյալ դեպքի օրը գտնվելով արձակուրդի մեջ, խոսակցություն է ունեցել նշված բժշկական կենտրոնի իր աշխատակիցների հետ, որի ընդհանուր գաղափարն ու խոսակցության բովանդակությունը կայանում էր նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կործանման եզրին, որի մեղավորը հենց այսօրվա իշխանություններն են, ուստի և հիշեցնելով նրանց քաղաքացիական պարտքի դրսևորման մասին, խնդրել, հորդորել և պահանջել է անպայման գնալ ընտրություններին և կայացնել ճիշտ որոշում, ճիշտ ընտրություն»,- իրավիճակը ներկայացրեց պաշտպանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը