Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործ հարուցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նա հրապարակել է ԱԱԾ քննիչի որոշումը եւ կից կատարել գրառում.
«Նիկոլն ԱԱԾ-ի ձեռքերով շարունակում է քանդել իրավական պետության մնացորդները…
Վայելեք՝ Աննա Վարդապետյան, մաս 2»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի պետ Արմեն Մարգարյանի տեղակալ Արման Աբրահամյանը մոտ երկու ամիս առաջ ձայնային հաղորդագրություն է ուղարկել նախկին պաշտոնյաների գործերը քննող քննիչներին՝ նրանց տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանը կրկին գնալու է քննչական մարմին։ Mediaport տելեգրամյան ալիքը հրապարակել էր այդ սկանդալային ձայնագրությունը։
Նշենք, որ այդ ձայնագրությունից առաջ էլ տեսանյութ էր հրապարակվել այն մասին, որ Աննա Վարդապետյանը միջամտում է գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ նրա որդու` Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությանը՝ ուղղումներ կատարելով գործերի նյութերի մեջ։ Փաստաբան Մակինյանն էլ Աննա Վարդապետյանի եւ քննիչ Արթուր Այվազյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով մի շարք առերեւույթ հանցագործությունների կատարման մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը