Yerkirmedia.am-ը գրում է․ Այսօր առավոտյան ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը և ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ստացել՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար:
ՀՅԴ անդամները մայիսի 3-ին կանչվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
«Մեր դուռը կրկին ծեծեցին։ Այս անգամ ծանուցագիրը հորս չէր հասցեագրված այլ ինձ։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու հիմա էլ միտքս կրկնում եմ.
- Մեզ քրեական հետապնդումներով ավելի եք մոտիվացնում այ անՀայրենիք տականքներ։ Պայքարը շարունակվում է։
Հ.գ Ամոթ նահանջողին»,- գրել է Տարոն Մանուկյանը:
Իսկ Սարգիս Կարապետյանը հավելում է՝ «ԵՎ հետաքրքրականն այն է, որ օրն ու ժամը համընկնում է վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստի հետ, երբ ուսապարկերը պիտի վարչափեդ ընտրեն»։
Հիշեցնենք, նաև, որ ապրիլի 28-ին ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն՝ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց: Դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը և խափանման միջոց ընտրվեց կալանավորումը 2 ամսով: Հայկ Հեքիմյանին ձերբակալել էին Ջահերով երթի ժամանակ՝ դրանից մեկ օր առաջ Դատախազության դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հրմշտոցի ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Շենգավիթի դատարանը Հեքիմյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ էր ճանաչել և ազատ արձակել, բայց նույն պահից դատախազությունն ու քննչական մարմինները սկսել էին նրա՝ կալանավորման գործընթացը։ Այնուհետև ապրիլի 24-ին քննիչը կալանավորման միջնորդություն էր մուտք արել դատարան և ամսի 25-ին, ըստ քննիչի, դատական գործը մակագրվել էր դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Դրանից հետո, անհասկանալի պայմաններում, գործը վերամակագրվել էր դատավոր Գագիկ Պողոսյանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը