08 04 2021

Ի՞նչ է նշանակում՝ մենք սխալ ՍԴ դատավորներ ենք ընտրել, քանի որ նրանք հօգուտ Քոչարյանի են որոշում կայացրել․ Գոհար Մելոյան

Ի՞նչ է նշանակում՝ մենք սխալ ՍԴ դատավորներ ենք ընտրել, քանի որ նրանք հօգուտ Քոչարյանի են որոշում կայացրել․ Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այսօրվա հայտարարությանը, որով նա ներողություն էր խնդրել ՍԴ սխալ դատավորներ ընտրելու համար։

 

Մելոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գործով Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ իշխող ուժի ներկայացուցիչների մեկնաբանությունները որևէ քննադատության չեն դիմանում և պարզապես բացահայտում են 2020 թվականի ապօրինի սահմանադրական փոփոխությունների միջոցով Սահմանադրական դատարանի կազմը փոխելու իրական շարժառիթները։

 

Ի՞նչ է նշանակում մենք սխալ Սահմանադրական դատարանի դատավորներ ենք ընտրել, քանի որ նրանք ի օգուտ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի են որոշում կայացրել։ Այս պնդումն այս ուժի պրիմիտիվ եւ նեղ անձնական գործունեության հերթական դրսեւորումն է։

Այսինքն, այս կամ այն դատավորի ընտրությունը սխալ է, եթե կոնկրետ գործով այդ դատավորն իրենց համար ոչ ցանկալի որոշում է կայացնում։

Այլ կերպ ասած՝ դատավորներ ընտրելով կամ հակաիրավական եղանակով հեռացնելով իշխող ուժը փորձում է բացառապես միջամտել կոնկրետ գործով արդարադատության իրականացմանը։

Սակայն ամենազարհուրելին դա չէ, այլ այն, որ Արցախի 70%-ը տանուլ տված, Շուշին և Հադրութը կորցրած, շուրջ հինգ հազար զոհ, հազարավոր անհետ կորած ու գերեւարված, տասնյակ հազարավոր փախստական և վիրավոր ունեցող իշխանության որևէ ներկայացուցիչ վերջին հինգ ամսում գեթ մի անգամ հրապարակային կերպով չի ընդունել իր մեղավորությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից վերջին երեսուն տարվա արյան գնով պայքարն ամենաանտաղանդ ձևով նետելու անէացնելու եւ հազարավոր կյանքեր խեղելու համար։

Փոխարենը՝ Սահմանադրական դատարանի վերջինի որոշումից հետո բազմաթիվ անդամներ շտապում են ներողություն խնդրել Սահմանադրական դատարանի «սխալ դատավորներ» ընտրելու և Ռոբերտ Քոչարյանի գործի կարճման համար։

Եթե իշխող ուժն իր քաղաքական հակառակորդների նկատմամբ գործեր կարելու, նրանց կալանավորելու և հետախուզելու ջանասիրությամբ վարեր պետականամետ քաղաքականություն՝ առաջնորդվելով Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ, հնարավոր է չկանգնեինք կոտրված տաշտակի առջեւ՝ ունենալով այն ինչ ունենք, առնվազն հազարավոր մեր հայրենակիցներ էլ ողջ կլինեին, Հադրությում և Շուշիում կապրեին հայեր, Սյունիքը վտանգված չէր լինի և հայ ժողովուրդը չէր ապրի վերջին հարյուր տարվա ամենամեծ ողբերգությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ