06 04 2021

Սահմանադրական դատարան ուղարկվելիք դիմումի ընդունումը ենթակա է մերժման

Սահմանադրական դատարան ուղարկվելիք դիմումի ընդունումը ենթակա է մերժման

Հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործով դատական քննության ընթացքում մեղադրողի կողմից դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ դատական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դիմելու մասին։

Այդպիսի միջնորդություն ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն, որ, ըստ մեղադրողի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածն այնքանով, որքանով որ չի նախատեսում մեղադրանքի իրավաբանական որակումը փոփոխելու հնարավորություն՝ առանց ապացույցների հետազոտման, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին։

 Սույնով «Արատտա» իրավաբանական ընկերությունը  պարզաբանել է հետևյալը․

 2010թ․ ապրիլի 2-ի ՍԴՈ 872 որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածը նախատեսում է դատարանում մեղադրանքի փոփոխության երկու իրավական ռեժիմ՝ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու միջոցովև առանց լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու միջոցով։

Էդուարդ Նագդալյանի վերաբերյալ գործով 2015թ․ դեկտեմբերի 18-ի ԵԿԴ/0108/01/14 որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանը նույնպես արձանագրել է, որՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածը սահմանում է դատարանում մեղադրանքի փոփոխման երկու ռեժիմ` փոփոխում քննչական գործողությունների կատարմամբ, եթե ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), և փոփոխում առանց քննչական գործողություններ կատարելու, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցներն անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 3-րդ մաս)։

 ՀՀ Սահմանադրական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված որոշումների համադրումից հետևում է, որ բարձրագույն դատական ատյանները նախկինում կայացրած վերոհիշյալ որոշումներով արձանագրել են, որ օրենքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, դատարանում մեղադրանքը փոփոխելու համար չի նախատեսում որևէ այլ իրավակարգավորում, քան քննչական գործողությունների կատարմամբ կամ առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխումն է, և երկու դեպքում էլ՝ բացառապես այն ժամանակ, երբ դատարանում հետազոտվել են քրեական գործով հավաքված ապացույցները։

Վերոգրյալից, իր հերթին, հետևում է, որ վերոհիշյալ միջնորդությամբմեղադրողը բարձրացրել է ոչ թե ՀՀ քրեական դատավարության 3091-րդ հոդվածի սահմանադրականության, այլ դատավարական օրենքում օրենքի բացի հարց՝ այն իմաստով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում բացակայում է առանց ապացույցների հետազոտման մեղադրանքը փոփոխելու հնարավորություն տվող նորմ։

Այլ խոսքով՝ մեղադրողը, փաստորեն, ՀՀ սահմանադրական դատարանից ակնկալում է օրենքի բացը լրացնելու գործողություն, որպիսի անկնկալիքն իրավաչափ չէ՝ նկատի ունենալով օրենքի բացի հետ կապված ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-933, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1476 որոշումները, որոնց համադրումից հետևում է, որ օրենսդրական բացի հարցի լուծումն օրենսդրական իշխանության խնդիրն է, և եթե օրենսդրի կամքն ուղղված է ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական որևէ կարգավորումից, ապա օրենսդրական բացը ՀՀ Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ չի կարող։

 Այսպիսով, վերոգրյալի հիման վրա, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ պահանջները՝ գտնում ենք, որ նույնիսկ այն դեպքում, երբ դատարանը կբավարարի դատական գործով վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին մեղադրողի միջնորդությունը, միևնույնն է, վերոհիշյալ հարցը ենթակա չէ ՀՀ Սահմանադրական դատարանի քննությանը, հետևաբար դատարանի դիմումի ընդունումը ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից պետք է մերժվի, իսկ վարույթ ընդունվելու դեպքում էլ ՀՀ Սահմանադրական դատարանում գործի վարույթը պետք է կարճվի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ