Մարտիկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
2021 թվականի մարտի 17-ին վարչական դատարանը բավարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման վերաբերյալ միջնորդությունը և որոշել է. «1. Ըստ հայցի Օնիկ Գասպարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին միջնորդությունը` հայցի ապահովման վերաբերյալ, բավարարել:
Մինչ այդ` մարտի 10-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունների կատարումը պաշտպանության նախարարի հրամանով դրվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալներից Ստեփան Գալստյանի վրա: Բացի այդ, առկա է գործընթաց այլ անձի շտաբի պետի պաշտոնում նշանակելու հարցով, որը պետք է դադարեցվի դատարանի որոշումից հետո:
Ստեղծված իրավիճակում ՀՀ պաշտպանության նախարարը, նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի բնականոն գործոււնեությունն ապահովելու համար, պարտավոր է միջոցներ ձեռնարկել Օնիկ Գասպարյանի պաշտոնավորումը շտաբի պետի պաշտոնում ապահովելու համար:
Այսպես, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը օրենքով սահմանված կարգով ապահովում է զինված ուժերում օրինականության պահպանումը, հանցագործությունների կանխարգելումը:
Հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նշանակման և ազատման հրամանների առկայության պայմաններում Պաշտպանության նախարարի հրամանով է կատարվում պաշտոնի-հանձնում ընդունում, ինչպես նաև նախարարի հրամանով է զինծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ, հանվում է զորամասի անձնակազմի ցուցակներից:
Ուստի դատարանի որոշման առկայության պայմաններում ՀՀ պաշտպպանության նախարարը պարտավոր է իր կողմից նախկինում ընդունված հրամանները՝ Օնիկ Գասպարյանին կադրերի տրամադրության տակ թողնելու մասին, զորամասի անձնակազմի ցուցակներից և բոլոր տեսակի բավարարումներց հանելու մասին, ինչպես նաև Ստեփան Գալստյանին ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակար նշանակելու մասին ճանաչել ուժը կորցրած:
Պաշտպանության նախարարի կողմից իր պարտականությունների չկատարումն առերևույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը` շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ`պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Ինչպես երևում է հոդվածի նկարագրությունից նշված հանցագործությունը կատարվում է ինչպես գործողությամբ, այնպես էլ անգործությամբ: Նաև կարծում եմ Պաշտպանության նախարարի անգործությունը կարող է դրսևորվել խմբային շահերից ելնելով՝ այն է ապահովել քաղաքական թիմի համար ցանկալի անձի կողմից Գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելը: Միաժամանակ, իմ կարծիքով առերևույթ առկա է հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունը, քանի որ Պաշտպանության նախարարի կողմից իր պարտականությունների չկատարումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների. խախտվում է զինված ուժերի միանձնյա և կենտրոնացված ղեկավարման սկզբունքը, սպառնալիքի տակ է դրվում պետության ռազմական անվտանգության համակարգի անխափան գործունեությունը:
Հ. Գ. Դատարանի որոշումը հրապարակելուց հետո այն առձեռն հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, ինչպես նաև այդ մասին գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը գրավոր ներկայացրել է պաշտպանության նախարարին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը