«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տան խուզարկությունն Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է, դիմակավորված ծառայողները նրան բերման են ենթարկել ԱԱԾ։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։
Հարցին,թե ԱԱԾ֊ն ինչո՞ւ էր խուզարկություն իրականացնում, փաստաբանն ասաց. «ԱԱԾ֊ում հարուցված քրեական գործի շրջանակներում էր Կարեն Բեքարյանի տանն իրականացվում խուզարկություն, որի թույլտվությունը տրվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից։ Նշում էին,որ գործն առնչվում է պատերազմի օրերին ինչ֊որ կեղծ էջերով կատարված հրապարակումների»,-ասաց փաստաբանը։
Հարցին,թե արդյոք խուզարկությունն արվե՞լ է սահմանված կարգով և համաձայն դատարանի որոշման, փաստաբանն ասաց, որ այդ հարցում խնդիրներ չի տեսել, սակայն առգրավված իրերի վերաբերյալ խախտումներ կան. «Առգրավվել են ոչ միայն այն իրերը, որոնք տեղեկություն պարունակող են` համակարգիչ, նյութական կրիչ և այլն,այլ առգրավվել են բոլոր հնարավոր էլեկտրական սարքերը»։
Գոռ Միքայելյանը հայտնեց,որ այժմ գնում է ԱԱԾ, գործողությունների հետագա ընթացքի մասին կհայտնի լրացուցիչ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը