15 02 2021

Փաստորեն, հակասահմանադրական օրենսդրական նախագծերի շքերթը շարունակվում է․ Արթուր Հովհաննիսյան

Փաստորեն, հակասահմանադրական օրենսդրական նախագծերի շքերթը շարունակվում է․ Արթուր Հովհաննիսյան

Ազգային ժողով է ներկայացվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով սահմանվում է, որ ԵԱՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի իրավական ակտերը ՀՀ տարածքում ենթակա են անմիջական կիրառության: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Արդարադատության նախկին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարցեր նախագծի հեղինակներին․
1․ Սահմանադրության 5-րդ հոդվածով իրավական նորմերի աստիճանակարգության մեջ այս ակտերը ի՞նչ հարթության վրա են տեղավորված և առհասարակ արդյո՞ք այդ աստիճանակարգության մեջ մտնում են, թե ոչ: Օրինակ օրենքի կամ ենթաօրենսդրական նորմատիվ ակտի և ԵԱՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտի միջև հակասության դեպքում ո՞ր ակտն է գերակա:

2․ Եթե ԵԱՏՄ ակտը հակասում է օրենքին, կարո՞ղ ենք ԵԱՏՄ նորմատիվ բնույթի ակտի իրավաչափությունը վիճարկել Վարչական դատարանում:

3․ Եթե դատարանի կողմից կիրառված ԵԱՏՄ ակտը հակասում է Սահմանադրությանը, կարո՞ղ ենք դիմել ՍԴ և հակասահմանադրական ճանաչել ԵԱՏՄ նորմատիվ բնույթի իրավական ակտը:

Իմ խորին համոզմամբ ԵԱՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի ակտերը առանց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու ՀՀ֊ում անմիջականորեն չեն կարող կիրառվել․ դա կհակասի Սահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներին: Դա էր նաև պատճառը, որ գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը նախատեսում է այդ ակտերի՝ Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ ակտով գործողության մեջ դնելու գործիքակազմը: Դրանով երկու հարց է լուծվում, նախ այդ ակտերը մեր ՀՀ իրավական աստիճանակարգության մեջ զբաղեցնում է ենթաօրենսդրական նորմատիվ ակտի հորիզոնականը, երկրորդ, հնարավորություն է տրվում այդ ակտի իրավաչափության հարց բարձրանալու դեպքում վիճարկել այն:

P.S. փաստորեն հակասահմանադրական օրենսդրական նախագծերի շքերթը շարունակվում է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ