09 02 2021

Վկային որպես տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց

Վկային որպես տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդության լուծումը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակեց այսօր սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Նիստի սկզբից դատավորը հայտնեց, որ դեռևս 2019 թվականին հոկտեմբերի 4-ին դատարան է ստացվել գործով վկա Բաբկեն Մկրտչյանի պաշտպան Զորայր Հարությունյանի դիումը՝ Մկրտչյանին տուժող ճանաչելու վերաբերյալ։

Պաշտպանը հայտնեց, որ 2008 թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով ներքին զորքերի ծառայող Բաբկեն Մկրտչյանն ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով հիմա հաշմանդամության երրորդ կարգ ունի։ Հայտնի է նաև, որ մարտի 1-ի մայր գործից անջատված մասով Մկրտչյանն ունի տուժողի կարգավիճակ։

Մեղադրող կողմը ներկայացնող դատախազները չառարկեցին։ Պաշտպանական կողմը նույնպես չառարկեց, սակայն հիշեցրեց, որ սույն գործով տուժող չի կարող լինել։ «Սույն գործով տուժող չի կարող լինել, բայց եթե որևէ մեկն ունի տուժողի դատավարական կարգավիճակ, ապա պաշտպանները չեն առարկում դրա դեմ», - ասաց պաշտպան Արամ Օրբելյանը։

Պաշտպան Խուդոյանը նշեց, որ նման իրավիճակում պետք է փաստել, որ արդեն 1․5 տարի է խախտված են տվյալ անձի իրավունքները։ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ սույն գործը չի վերաբերում սպանությունների կամ մարմնական վնասվածք հասցնելու փաստերին, հետևաբար գործով տուժող չի կարաղ լինել։

Լսելով կողմերին՝ դատարանը գտավ, որ դատավարության այս փուլում հնարավոր չէ լուծել միջնորդությունը, քանի որ սույն գործով Մկրտչյանը դատակոչված է որպես վկա և պետք է ցուցմունք տա։ Դատարանը հետաձգեց միջնորդության լուծումը, քանի որ դրա համար անհրաժեշտ է անդրադառնալ գործի փաստական հանգամանքներին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ