13 01 2021

Հայ գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող հիմք լինել քրեական հետապնդման համար․ ՄԻՊ

Հայ գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող հիմք լինել քրեական հետապնդման համար․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է նոր արտահերթ զեկույց այն մասին, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում: «Զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների` թե´ զինծառայողների, թե´ քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքին։

Զեկույցում հատուկ շեշտադրում է արվում Ադրբեջանում նրանց հարցաքննությունների վրա՝ եզրահանգելով, որ հայկական կողմի գերիների հայտնած տեղեկությունները չեն կարող որևէ հիմք ծառայել նրանց նկատմամբ քրեական հետապնդման համար, ինչպես նաև չեն կարող ունենալ որևէ ապացուցողական նշանակություն միջազգային կառույցներում: Մասնավորապես, արտահերթ զեկույցը ներկայացնում է ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները, որոնք ուղեկցվել են հայկական կողմի գերիներին խոշտանգելով, գործողություններ անել հարկադրանքով, նվաստացնելով և այլն: Այս փաստերը հիմնված են զեկույցում բերված ապացույցների ու վերլուծությունների վրա, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ միջազգային բացարձակ պահանջներով արգելված մեթոդների կիրառման մասին: Զեկույցի գնահատականները հիմնված են նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի սեփական փաստահավաք աշխատանքների վրա:

Բացի այդ, ուսումնասիրվել են ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերմունքի և նրանց հարցաքննության հետ կապված միջազգային պահանջները և իրավական չափանիշները, օբյեկտիվ բնույթի ապացույցներ ու այլ նյութեր: Արտահերթ զեկույցն իմ ստորագրությամբ վաղը կուղարկվի միջազգային կառույցներին, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Թաթոյանը և շնորհակալություն հայտնել իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանին զեկույցը կազմելու ու ապացույցների վերլուծության հարցում համատեղ աշխատանքի ու արժեքավոր աջակցության համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ