Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, վաղը՝դեկտեմբերի 25-ին, ժամը՝ 10։20-ին կհրապարակի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդության որոշումը։
Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ վարույթն իրականացնող մարմինը չի կարողացել ներկայացնել փաստական հիմքեր. «Վարույթն իրականացնող մարմինը, բնականաբար, չկարողացավ ներկայացնել փաստական հիմքեր, որոնցով կհիմնավորեր, որ Փարամազյանը որեւէ առնչություն ունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ։ Այսինքն՝ բացակայում էր հիմնավոր կասկածը»։
Սահակյանը նշեց, որ բացակայում են նաեւ Մանվել Փարամազյանին կալանավորելու հիմքերը։ «Մենք գտնում ենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Ամեն ինչ արվում է, որպեսզի անձինք, որոնք այսօր պահում են մեր սահմանները, Սյունիքը, եւ, որոնք թույլ չտվեցին, որ հողը հանձնած վարչապետը ոտք դնի Սյունիք, ամեն ինչ արվում է, որ նրանց հանեն սահմանից եւ հողն հանձնեն»,- ասաց պաշտպան Սահակյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը