Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Գ. Ծառուկյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի ժամը 18:00-ին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժել էր Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը: Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացրեցին թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը։ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 8-ին մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքը մասնակի բավարարել՝ բեկանելով դատարանի որոշումը և ուղարկելով նոր քննության։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, սեպտեմբերի 25-ին բավարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։
Հոկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, մերժել էր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը