ՄԻԵԴ-ը իչ առաջ բավարարել է ռազմագերիներ Արեգ Սարգսյանի եւ Նարեկ Ամիրջանյանի վերաբերյալ հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի եւ Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը եւ նրանց առողջության իրավունքը։ Միեւնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչեւ 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության եւ առողջական վիճակի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Երկու օր առաջ տեղեկացրել էինք, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանը Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով 22.10.2020թ։
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին անգամ դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարանին եւ ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ։
Դատարանը քիչ առաջ բավարարեց հայ դիմումատուների պահանջը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի կառավարությունը ապահովել Արեգ Սարգսյանի եւ Նարեկ Ամիրջանյանի կյանքի անձեռնմխելիությունը եւ նրանց առողջության իրավունքը։ Միեւնույն ժամանակ Դատարանը պահանջել է Ադրբեջանից մինչեւ 22.10.2020թ․ Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության եւ առողջական վիճակի վերաբերյալ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում նշված զինծառայողների շահերը ներկայացնում են փաստաբան Սիրանուշ Սահակյանը եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը