23 09 2020

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չի կայացել

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չի կայացել

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում այսօր, ժամը 11։00-ին սկսված Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է: Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին:

Նիստի հետաձգման պատճառը մեղադրյալ Գ. Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալն է հանդիսացել, չնայած այն հանդամանքին, որ սեպտեմբերի 17-ին և 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գ. Ծառուկյանին և նրա փաստաբաններին, էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, բացի այդ հեռախոսային կապի միջոցող հավելյալ տեղեկացրել է նիստի օրի, ժամի մասին, ինչպես նաև վայբեր ծրագրի միջոցով փոխանցել տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է: Սեպտեմբերի 22-ին դատարանի աշխատակազմը, փոստաբանի հետ հեռախոսազրուցի ընթացքում, հիշեցրել է այսօրվա նիստի մասին:

Այսօր՝ 11:00-ին մեկնարկած նիստի ընթացքում, դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբ, սակայն, դատարանը հաշվի առնելով հարցի կարևորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ին, ևս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար:

Դատական իշխանության Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ