«Կարծում եմ՝ ճիշտ չէ կոնկրետ մեկ գործի հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջ ընթացքը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Մարտի 1-ի» զոհերի հարազատների բոյկոտին, որից, իրենց պնդմամբ, իշխանությունները պետք է հետևություններ անեն։
Սակայն, նախարարը նշեց, որ ամբողջությամբ ծանոթ չէ «Մարտի 1-ի» զոհերի հարազատների պահանջներին, ուստի չի կարող որևէ հստակ մեկնաբանություն տալ։
«Ես ինքս առանձին դեպքերում տեսնում եմ միտումներ՝ «Մարտի 1-ի» գործով դատական նիստերը ձգձգելու։ Ես ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ՝ արդարադատությունից խուսափելու։ Օրինակ, դատավորը չի ուզում կոնկրետ գործը քննել, կամ ինքնաբացարկ է հայտարարում, կամ էլ հակառակը՝ ինքնաբացարկ չի հայտարարում, երբ դրա անհրաժեշտությունը կա։ Բնականաբար այս խնդիրները կուտակված են բավականին երկար ժամանակ։ Բայց դատավորն իրավունք չունի ուղղակի ինքնաբացարկ հայտարարելու, դա կարգապահական խախտում է համարվում։ Ինքնանպատակ ինքնաբացարկ հայտնել չի կարելի»,- շեշտեց նախարարը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը