07 09 2020

Այս գործով նրանց դատավարական կարգավիճակում ճանաչելու որոշում անգամ չկա․ Ալումյան. Panorama

Այս գործով նրանց դատավարական կարգավիճակում ճանաչելու որոշում անգամ չկա․ Ալումյան. Panorama

Panorama.am-ը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի ցանկանում մեկնաբանել Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժողների իրավահաջորդների ու նրանց ներկայացուցիչների տարածած հայտարարությունը։ 

«Ես ուզում եմ միայն հիշեցնել, որ վերջին նիստում մենք միջնորդեցինք, որպեսզի դադարեցվի այս գործով որպես տուժողի իրավահաջորդ հանդես եկող ու դատական նիստերին մասնակցող անձանց կարգավիճակը։ Դա արեցինք մի պարզ պատճառով, նրանք տուժող ու տուժողի իրավահաջորդ են ոչ թե այս գործով, որը հիշեցնեմ, սպանությունների ու մարդկանց վնասվածքներ ստանալու մասին չէ, այլ այն գործով, որը քննվում է ՀՔԾ-ում ու վերաբերում է սպանություններին»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայկ Ալումյանը։

Փաստաբանն ասաց, որ անցած դատական նիստում միջնորդությունը ներկայացնելիս դատարանին էլ հիշեցրել են, որ այդ մարդիկ տուժողներ, տուժողների իրավահաջորդներ, տուժողների ներկայացուցիչներ են ՀՔԾ-ում  քննվող գործով։

«Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անգամ որոշում չկա նրանց համապատասխան դատավարական կարգավիճակում ճանաչելու վերաբերյալ։ Նրանք գալիս էին դատական նիստերին՝ չունենալով այս գործով համապատասխան դատավարական կարգավիճակ»,-ասաց փաստաբանը։

Ալումյանը հիշեցրեց, որ միջնորդությանն առարկել են գործով մեղադրող դատախազները, իսկ դատարանը հետաձգեց նիստը, քանի որ տուժողի կարգավիճակում դատարանում նստող կողմը պետք է իր կարծիքը ներկայացներ, իսկ պարոն Եգորյանը դատարանը լքել էր։

«Դատարանը հնարավոր չհամարեց նրա բացակայությամբ այդ հարցը քննարկելը։ Հիմա ցավոք, իրենք չեն գալու և իրենց տեսակետը չեն ներկայացնելու վաղվա դատական նիստին։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, թե որտեղից է այս հարցը գալիս և ուր է գնում»,-նշեց Ալումյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ի նիստում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր  դադարեցնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։

Նա նշել էր, որ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածք ստացած դատակոչված 102 անձինք տուժող են ճանաչվել 2008 թ․ մարտի 1-2 դեպքերի վերաբերյալ հարուցված մայր գործի շրջանակներում, իսկ 2018-ին դրանից անջատվել է մի գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 300․1 հոդվածով։

Այսպիսով, սույն գործով միակ տուժողը սահմանադրական կարգն է, իսկ դրա տապալման հետևանքները հավասարապես վերաբերում են ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Իսկ Քոչարյանին մեղսագրվող մյուս արարքի (կաշառք ստանալը) հետ այդ անձինք ընդհանրապես կապ չունեն։
Ալումյանը ներկայացրեց դատարանին 102 հոգանոց ցուցակ, խնդրելով այդտեղ նշված անձանց հարցաքննել վկայի կարգավիճակով։

Իր հերթին պաշտպան Արամ Վարդևանյանն ընդգծել է, որ 300.1 հոդվածով տուժող ուղղակի չի կարող լինել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ