Դերասան Միխայիլ Եֆրեմովի փաստաբան Էլման Փաշաևը խնդրել է դատարանին չազատազրկել իր պաշտպանյալին: Փաստաբանն ասել է, որ համաձայն է ցանկացած դատավճռի, որը չի առնչվում ազատազրկմանը:
Իսկ ՃՏՊ–ի քրեական գործով անցնող դերասան Միխայիլ Եֆրեմովը խոստովանել է, որ Սադովոյե կոլցոյում տեղի ունեցած պատահարի մեղավորն ինքն է։
«Ես հայտարարություն ունեմ։ Հարգելի դատավոր, ես ընդունում եմ մեղքս», – հայտարարել է դերասանը դատարանում։
Դատարանը վճիռը կհրապարակի սեպտեմբերի 8-ին:
Եֆրեմովի նկատմամբ հարուցած քրեական գործն առնչվում է Մոսկվայի կենտրոնում` Սադովոյե կոլցոյում, հունիսի 8-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին։ Քննության վարկածով` դերասանը «Jeep Grand Cherokee»–ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Լադային»։
«Լադայի» վարորդը` առաքիչ Սերգեյ Զախարովը, ժամեր անց մահացել է հիվանդանոցում։ Վթարի ժամանակ դերասանը ոչ սթափ վիճակում է եղել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը