02 09 2020

6 կանգառների ապակիները կոտրած անձին բերման են ենթարկել



Օգոստոսի 31-ին համացանցում հրապարակում էր եղել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում  կանգառներ են վնասել։ Մի տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Մալաթիայի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ, կարճ ժամանակում պարզեցին տղամարդու ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեպքերից ժամեր անց՝ արդեն սեպտեմբերի 1-ին, ոստիկանության ծառայողները նրան բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին, որտեղ կասկածվողը տվեց խոստովանական բացատրություն։

Նախնական տվյալներով՝ Երևանի 36-ամյա բնակիչը, որն ամիսներ առաջ էր վերադարձել հայրենիք, ընտանեկան խնդիրներից նյարդայնացած՝ վրդովմունքը պարպել էր երևանցիներին պատկանող գույքը վնասելով։ Նման արարքները դատապարտելի են ոչ միայն օրենքի տեսանկյունից․ յուրաքանչյուրս պետք է հոգատարություն դրսևորի մեր քաղաքի, մեր հայրենիքի նկատմամբ՝ կառուցելով ու շենացնելով, այլ ոչ թե վնասել ու ոչնչացնել։ Ոստիկանությունը օպերատիվ ու հետևողականորեն արձագանքելու է նմանօրինակ ցանկացած ոտնձգության։ 

`

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ