Օգոստոսի 25-ին ժամը 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության առաջին նիստը, որի ընթացքում դատարանը պետք է լուծեր նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը տեղեկացնում է, որ նիստը հետաձգվել է։
«Գագիկ Խաչատրյանը ցանկություն էր հայտնել նույնպես ներկա գտնվելու դատական նիստին, սակայն առողջական վիճակով պայմանավորված այսօր ի վիճակի չէր ներկայանալ, հետևաբար դիմում ենք ներկայացրել՝ խնդրելով մեկ օրով հետաձգել նիստը, որպեսզի Խաչատրյանը ևս կարողանա մասնակցել», - նշել է նա։
Նիստը կկայանա վաղը՝ օգոստոսի 26-ին, ժամը 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը, և ըստ գործում առկա ապացույցների, երբևէ փորձ չեն կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը